կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 17:15
Քաղաքական

Տարընկալում է եղել. Մանե Թանդիլյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Տարընկալում է եղել. Մանե Թանդիլյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հացին՝ ինչպես է վերաբերվում 2018 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն, նշել էր, որ վերջերս եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ:

Այս հայտարարությունը քննարկման թեմա է դարձել սոցիալական ցանցերում: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին նախ նշեց, որ հնարավորություն չի ունեցել ծանոթանալ բուն նյութին և խոսել Սասուն Միքայելյանի հետ, բայց մի տեղ նկատել է, որ Միքայելյանը նշել է՝ դա իր անձնական կարծիքն է:

«Ըստ էության, նա նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանն է եփել այս ամենը և թող ինքն էլ դրա տակից դուրս գա: Իմ կարծիքն է, որ նա այդ կոնտեքստում է փորձել ասել, բայց իր խոսքերն ինքը կարող է մեկնաբանել»,- ասաց պատգամավորը:

Թանդիլյանը նշեց, որ անհիմն են այն քննադատությունները, երբ իրենց անունը կապում են Սերժ Սարգսյանի հետ:

«Շատ են մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնում: Այս թեման քանի դեռ կա և վստահ եմ անընդհատ լինելու է, հենց դա էլ ապացուցում է, որ այն իրողություն չէ, որովհետև նման բան չկա և չի կարող լինել: Սա մնալու է բամբասանքի մակարդակի վրա»,- ասաց նա, ապա նշեց, որ ոչ ոք չի խոսում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի մասին, այլ խոսում են Սասուն Միքայելյանի տված անձնական գնահատականի մասին, որտեղ հավելյալ մեկնաբանության կարիք կա:

Ըստ Թանդիլյանի, արհեստական աժիոտաժ է ստեղծվում, որովհետև բոլորին հետաքրքիր է, բոլորը թեմա են ստեղծում: Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ սա արհեստական ստեղծված աղմուկ է, և որ մանրամասն ինֆորմացիա պետք է ստանալ Սասուն Միքայելյանից:

Ի դեպ Yerkir.am-ը փորձեց Միքայելյանի հայտարարության մասին պարզաբանում ստանալ  «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից: Փաշինյանի արձագանքը շատ կարճ էր՝ «չեմ մեկնաբանում»: