Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով, գրում է «Հետքը»:
Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի» հոդվածը՝ «Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից»:
Հիշեցնենք՝ գրել էինք, որ մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի համար համայնքային բյուջեից վճարվել է մոտ 156 մլն դրամ:
Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից, և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։
Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, ապա Հրազդան համայնքի ճանապարհների մի մասը տարիներ շարունակ վերանորոգել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն՝ համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի հիման վրա: Ընկերության բաժնետերերը Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի զոքանչն ու աներորդին են:
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար: