Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած հասարակության պարագայում ատելությունն ու պառակտումը չեն կարող դրական արդյունքի հանգեցնել, առավել ևս` հայկական հասարակության պարագայում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ գործիչ, քաղաքագետ Վաչե Բրուտյանը` անդրադառնալով մեր հասարակությունում ստեղծված մթնոլորտին:
«Ատելությունն ու պառակտումը հանգեցնում են ուժերի վատնման, տանում են դեպի ներքին մասնատում և անխուսափելի պարտությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` մարդիկ հրապարակայնորեն սոցցանցերում, թե անմիջական շփումներում «մահ ու արյուն» են ցանկանում մյուս կողմին: «Պետական ներկայիս և նախկին պաշտոնյաների հասցեին հայհոյանքները, նախատինքները հասել են ծայրահեղ չափերի (չենք ուզում ասել, որ «չափավոր» հայհոյանքն ընդունելի է…)։ Իսկ հավաքականությունը, որն այսպիսի անհարգալից վերաբերմունք ունի իր պետության ղեկավար օղակներում աշխատած կամ աշխատող անձնավորությունների հանդեպ, կարող է կորցնել սեփական պետականությունը»,- շեշտեց Վաչե Բրուտյանը։
Նա համոզված է, որ, այս ամենը տեսնելով, միջին հայ մարդը տարակուսանքով հարցնում է` ի՞նչ եղան սիրո եւ համերաշխության կարգախոսները, որոնք անդադար կրկնում էր ՀՀ վարչապետը։ «Բայց մի կողմ դնենք սերն ու համերաշխությունը. բացակայում է ուրիշի տեսակետը լսելու եւ հարգելու տարրական քաղաքավարությունն իսկ։ Այլատյացների այս խմբին պատկանողներն այլեւս ամբոխ են` անքաղաքակիրթ ու վայրի, և ոչ թե ժողովուրդ։ Իսկ ժողովուրդը հավաքական իմաստություն է ունենում և դրանով է տարբերվում ամբոխից»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն բանին, թե այս ամենն ինչ վտանգներ է ենթադրում Հայաստանի և հայության համար, Բրուտյանը նշեց. « Հայաստանը Շվեյցարիա կամ Շվեդիա չէ։ Մեր հայրենիքը փաստացի պատերազմական վիճակի մեջ, հետեւաբար` ներքին ատելավառ, անհանդուրժող եւ պառակտված մթնոլորտը լրջորեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը։ Վստահաբար, մեր թշնամիները` Թուրքիան եւ Ադրբեջանը, հետեւում են մեր ներքին անցուդարձերին, արձանագրում եղելությունները, վերլուծում եւ համապատասխան եզրակացությունների հանգում։ Այդպես են գործում պետությունները»:
Ըստ նրա` Հայաստանը գոյության պայքարի մեջ է. մեր երկիրն իր ներքին սոցիալ-տնտեսական արդար հավասարակշռությունը գտնելուց շատ հեռու է, քաղաքական համակարգը թույլ է ու թերի, Արցախի հարցն իր արդար լուծմանը չի հանգել, Թուրքիան դեռևս բռնագրաված է պահում հայապատկան հողերը, մեր հայրենիքի մեծ մասը և ոչ միայն հրաժարվում է հատուցել հայ ժողովրդին, այլեւ ուրանում է իրագործած Հայոց ցեղասպանությունը։
«Սա՛ է Հայկական օրակարգն այսօր։ Ուրիշ օրակարգ չունենք այսօր։ Հետեւաբար, ավելի է շեշտվում այն վտանգը, որը գալիս է ներքին պառակտվածությունից, որը սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը։ Ամենից առաջ իշխանությունների՛ պարտականությունն է ազգը համախմբել այս օրակարգի շուրջը, այլ ոչ թե անդադար ներքին բաժանարար նոր «խրամատներ» ստեղծել։ Այս իմաստով, իշխանությունների վրա մեծ, ճակատագրակա՛ն պատասխանատվություն կա»,- ընդգծեց Վաչե Բրուտյանը: