Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեց Թուրքիայի տարածքում վաղ նախազգուշացման ռադարի տեղակայնման մասին համաձայնագիր, որը կնքվեց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակակրթիռային համակարգերի շրջանակում:
Անկարայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ ձեռք բերված սկզբունքային համաձայնության համաձայն` ռադարի տեղակայման տարբերակներից ընտրվել է Մալաթիայի մոտ գտնվող վայրը եւ նույն նահանգի վարչական կենտրոնի տարածքը: Թուրքիայի վարչապետը համակարգի տեղադրման պայման էր նշել այն, որ այն պետք է կառավարի Թուրքիան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում տեղադրվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերը ուղղված են միայն նրանց դեմ, ովքեր վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար:
Այս նախագծի դեմ անհանգստությունները մեծանում են, նախեւառաջ` ԱՄՆ-ում: Սենատորներ Ջոն Քիլը եւ Մարկ Քըրքը արդեն նամակով դիմել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` երաշխիքներ պահանջելով, որ թուրքական կազմակերպությունները չեն կասկածվում ԱՄՆ օրենքներին չհամապատասխանող գործողությունների մեջ։
Իսկ Իրանի պաշտանության նախարար Ահմադ Վահիդը, քննադատելով Թուրքիային իր տարածքում ռադարներ տեղադրելու համար, հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր ազգային շահերի նկատմամբ ագրեսիայի դրսեւորում:
Փաստորեն, Թուրքիայի հետ նման պայմանավորվածությունների ձեռքբերումը փաստում է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային հենվելու մասին, ինչը Հայաստանին եւս անհանգստության առիթ է տալու: Մեծապես լարված տարածաշրջանում, ուր խնդիրներն ու հակասությունները բազմաթիվ են, սա լարվածության նոր ավելացում է: Սա նաեւ կարող է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում մտցնել բացասական տարրեր: Տրածաշրջանում ԱՄՆ-ի հենման կետը Թուրքիան է, որը նաեւ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիք է:
Առաջին հերթին, դա պայմանավորված է ԱՄՆ կողմից փայփայված հայ-թուրքական արձանագրություններով: Քանի դեռ հայ-թուրքական արձանագրությունները չեն հանված Հայաստանի խորհրդարանի օրակարգից, իսկ թուրքական մեջլիսի գզրոցներից օրակարգ վերադառնալու հնարավորություն ունեն, Հայաստանի համար դժվարանալու է Թուրքիայից եկող քաղաքական եւ դրանից բխող մյուս բոլոր սպառնալիքների դիմագրավումը: Ուստի, այս ամենից ելնելով, Հայաստանը պարտավոր է օգտվել իր զինանոցից եւ հստակ մեսիջներ ուղարկել թե' Թուրքիային, թե', առավել եւս` ԱՄՆ-ին: Մանավանդ որ, Թուրքիայի ուղղորդված «ՙառաջընթացի» սպառնալիքը ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլեւ տարածաշրջանին:
Սուրեն Հովհաննիսյան