կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 20:00
Տարածաշրջան

1915 թ. Ցեղասպանության ուրացման և առերեսման թեմայով ֆիլմերը

1915 թ. Ցեղասպանության ուրացման և առերեսման թեմայով ֆիլմերը

1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ, ասորի-արամեացի ու Պոնտոսի հույն բնակչության դեմ իրագործված Ցեղասպանության քաղաքական-սոցիալական հետևանքները, առաջացրած ավերածություններն ու տրավմաները փոխանցվել են մինչև մեր օրերը։ Պատմական ժամանակահատվածում ինչպե՞ս են այդ իրադարձություններն արտացոլվել Ցեղասպանության զոհ, տուժած հասարակությունների կամ ոճրագործների ստեղծած արվեստի մեջ։ Ցեղասպանության այս երկու տարբեր մոտեցումները՝ ուրացումն ու առերսումը,100 տարի շարունակ ինչպես են արտացոլվել թատերական արվեստում։ 1915 թ. թեմայով ֆիլմերը ինչի՞ մասին են պատմում մեզ։ Այդ գործերում մարդկային ու մշակութային կորուստների, հայրենազրկման, օտարացման, չքավորության զգացումի, կանանց ապրած դրամայի, սերունդերին այդ տրավմայի փոխանցման, արդարության փնտրտուքի, ապաքինման ու փոխհատուցման հարցերի վերլուծությունը ինչպիսի՞ արդյուքի է հանգեցնելու։

Կասկած չկա, որ 1915 թ. Ցեղասպանության մասին նկարահանված բոլոր ֆիլմերը քաղաքական նշանակության ֆիլմերի օրինակներ են։ Հետևաբար այս ուսումնասիրությունը նաև վերաբերում է քաղաքական կինոմատոգրաֆիայի գործառնությանը։

Մինչև օրս 1915 թ. կատարված Ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմերի վերաբերյալ շատ խորը ուսումնասիրություն եմ կատարել, համեմատել եմ արդեն իսկ եղած ցուցակների հետ, դասակարգել եմ դրանք։ 50 ֆիլմ կարողացա ցուցակագրել. դրանցից 26-ը փաստավավերագրական էր, 24-ն էլ գեղարվեստական բնույթի երկարամետրաժ ֆիլմեր էին։

Այս ցուցակով կիսվելու եմ թե՛ «AKEBİ» միջոցառումների կայքէջում, թե՛ մեր անձնական էջերում։ Այս կերպ կարող ենք մեր ներդրումն ունենալ ցուցակը զարգացնելու գործում։ Սա նաև լավ առիթ է ևս մեկ անգամ դիտելու այն ֆիլմերը, որոնք հետաքրքրել են ձեզ։

Հետաքրքրական է, որ 1919 թ. նկարհանված «Հոշոտված Հայաստան» (նկատի ունի Ավրորա Մարդիգանյանի մասնակցությամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմը-Ակունքի խմբ.) ֆիլմից հետո, որի մի մասն է հասել մեր օրեր, մինչև 1963 թ. Էլիա Քազանի՝ «Ամերիկա՜, Ամերիկա՜» ֆիլմը,  40 տարի ֆիլմ չի նկարահանվել այդ թեմայով։

1933 թ. փորձ եղավ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, որը Թուրքիայի կողմից խոչընդոտվեց, միայն 50 տարի անց՝ 1982 թ., հնարավոր եղավ այն էկրան բարձրացնել։ Այս մասին կխոսենք ստորև։

1980-ական թթ. սկսած` Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ու թեմատիկ ֆիլմերի նկարահանումների թիվն ավելացավ։ Կարծում եմ, որ այդ խնդիրը օրակարգ բերելու հարցում կարևոր դեր կատարեցին նաև այդ ժամանակաշրջանում գործադրված բռնությունները։ Հենց այս գործոնով էր պայմանավորված Թուրքիայի պետական հեռուստա-ռադիոընկերության կողմից (TRT), սեպտեմբերի 12-ի խունտայի հրամանով, 1986 թ. 3 մասից բաղկացած «Պատի վրայի արյունը» հեռուստատեսային բազմասերիանանոց ֆիլմի նկարահանումը։

Թեմատիկ ու վավերագրական ֆիլմերի ակտիվ նկարահանումներ են սկսվում 2014, 2015 ու 2016 թ.՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված։ Դա էլ արտահայտում է 1915 թ. Ցեղասպանության` միջազգային մակարդակում տարբեր խորհրդարանների, կառավարությունների կամ պաշտոնական կազմակերպությունների կողմից ճանաչմանը զուգահեռ մեծացող հետաքրքրվածությունը Ցեղասպանության հարցի նկատմամբ։

1915 թ. թեմայով կինոմատոգրաֆիայի մեջ Ցեղասպանության մյուս զոհերին վերաբերող ֆիլմերը բավականին քիչ են։ Այս հիմնականում գիտական գործերը ցույց են տալիս փաստագրման ու քաղաքական վեճերի թուլությունը։ Օրինակ՝  ասորիների ցեղասպանության թեմային նվիրված միայն մեկ վավերագրական ֆիլմ կա։  Այն էլ Բեռլինում բնակվող մեր համաքաղաքացի ռեժիսոր Ազիզ Սաիդի 2015 թ. նկարահանված «Սեյֆո, 1915, ասորիների ցեղասպանություն» վերնագրով ֆիլմն է։ Դրաման զարգանում է ասորի մտավորական ու քաղաքական ակտիվիստ Ֆրեյդուն Աթուրայըի ոչ հայտնի կյանքի շուրջ. այն միևնույն ժամանակ ընդգրկում է ասորիների ցեղասպանությունը։

Ցավոք չկարողացա գտնել Պոնտոսի հույների թեմայով որևէ ընդգրկուն վավերագրական ֆիլմ։ Այդ մասին իմ ձեռքն ընկած լավագույն գործը թերևս Յեշիմ Ուսթաօղլուի 2003 թ. նկարահանված «Ամպերին սպասելիս» վերնագրով ֆիլմն է։ Այդ ֆիլմը նկարահանվել է «Բելգե» հրատարակչության կողմից թուրքերեն թարգմանված Գեորգիոս Անդրեադիսի «Պոնտոսի կորուսյալ դուստրը՝ Թամաման» վերնագրով ստեղծագործության հիման վրա։

Թե՛ Էգեյան, թե՛ Սևծովյան շրջանների հույն բնակչության հետ այդ ժամանակ տեղի ունեցածների վերաբերյալ Հունաստանում էլ որևէ նշանակալից ֆիլմ չի նկարահանվել, ինչը հետաքրքիր է։ Կարողացա գտնել միայն մեկ վավերագրական՝ Մարիա Իլիօուի նկարահանած` 2012 թ. արտադրության «Իզմիրի՝ կոսմոպոլիտ քաղաքի ավերումը 1910-22 թթ.» վերնագրով ֆիլմը։

Էլիա Քազանի «Ամերիկա՜, Ամերիկա՜» ֆիլմը ակնհայտ է, որ  Ամերիկայում է նկարահանվել։ Դա մի  ֆիլմ է, որտեղ Քազանի քաղաքական դիրքորոշումը բավականին զիջում է իր սեփական պատմությանը։

Մինչդեռ 1978 թ. նկարահանված` հենց այդ թեմային վերաբերող մի ուշագրավ ֆիլմ կա. Նիկոս Կոնդուրոսի ֆիլմն է` «1922» վերնագրով։ Գրող Իլյաս Վենեզիսի հայտնի «Համար 31328» վերնագրով վեպի վրա է հիմնված ու ներկայացնում է գրեթե չուսումնասիրված թեմա՝ «Բանվորական գումարտակները», այն ներառում է նաև վկայություն։  Ինչ-ինչ պատճառներով ֆիլմը նկարահանումից միայն 4 տարի անց է էկրաններին հայտնվել ու միշտ երկրորդ պլանում է մնացել։

Մի փոքր անդրադառնանք Թուրքիայում հենց ուրացմանն ուղղված հեռուստատեսային բազասերանանոց վավերագրական ֆիլմին՝ «Սարը գելին»-ին։ Կարծում եմ, որ Ֆաթիհ Աքընի 2014 թ. նկարահանված «Սպին» ֆիլմը, չնայած նրան, որ Թուրքիայում չի նկարահանվել  ու ռեժիսորի կողմից չի ներկայացվել որպես «Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ»,  անկասկած Ցեղասպանության հետ խիզախ առերեսման փորձ է։ Աքընը դերաբաժանման ժամանակ էլ ավելի վաղ նկարահանված երկու նշանավոր ֆիլմերի՝ «Արարատի» ու «Արտույտների ագարակի» դերասաններին դերեր տալով` կապ է ստեղծում այդ ֆիլմերի հետ։ Սակայն Ցեղասպանության հետևանքներն ու հետքերը ոչ թե ներսում, այլ  դրսում «փնտրելը» դառնում է խիզախ սկսված աշխատանքի՝ փախուստով  ավարտի պատճառ։

Մեր արվեստագետ ընկեր Սուրեն Ասատուրյանից տեղեկացա «Քարավան 1915» վերնագրով ֆիլմի գոյության մասին, որի երաժշտության հեղինակն է նա։ Իսմայիլ Գյունեշի կողմից 2017 թ. նկարահանված ֆիլմը «Ցեղասպանություն է եղել, իրականացվել, սա վատ մարդիկ են արել։ Սակայն լավ մարդիկ էլ կային, նրանք էլ աքսորականներին փորձել են օգնել, պաշտպանել են» թեմայով նկարահանված և «փրկության» թեմային ուղղված ֆիլմ է։  Այն անհայտ կերպով ռեժիսորի կողմից հանվել է ցուցադրությունից։ Ամբողջը դիտելու առիթ չեմ ունեցել, ինչի պատճառով միայն այսքան տեղեկություն կարող եմ տալ։

Ուրացմանն ուղղված ֆիլմերի վատ օրինակ է բազմաթիվ թուրք կինոարտադրողների ֆինանսական միջոցներով 2017 թ. ԱՄՆ-ում որպես հոլիվուդյան ֆիլմ նկարահանված «Օսմանցի սպա» ֆիլմը։ Այն «Խոստում» ֆիլմի նման` սիրո եռանկյունու վրա կառուցված մի ֆիլմ է, որի հետին պլանում «Հայ ավազակախմբերի գործողություններն» ու «պատերազմի անխուսափելի անկարգություները»  հավասարակշռելու անհաջող փորձն է։ Հայտնի դերասան Բեն Քինգսլիին այսպիսի նախագծում սպառելու փորձ է…

Առերեսման թեմայով ֆիլմերի մեջ ամենալավը Գերմանիայում Arte TV-ի  համար նկարահանված «Աղետ» վավերագրական ֆիլմն է: Այս ֆիլմը նկարահանվել է այն ժամանակ, երբ Գերմանիայում գտնվող մտավորականներն ու քաղաքական խավը 1915 թ. Ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու անհրաժեշտություն էին զգում ու հայտնվել էին Թուրքիային դժվար դրության մեջ չգցելու կամ Ցեղասպանությունը ճանաչելու երկընտրանքի մեջ։ Մյուս կողմից էլ՝ այն արտացոլում էր  գերմանացիների հիմնական ուղղվածությունը։ Ինչպես հայտնի է, Գերմանիան Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչեց 6 տարի անց միայն։ Վավերագրական ֆիլմն ամենայն լրջությամբ է նկարահանված, վկայությունները թատրոնի դերասանների կողմից մարմնավորվել են ու ներկայացվել առօրյա կյանքի պատկերներով։

Ռեջեփ Մարաշլը

Թարգմանեց Անի Մելքոնյանը