Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի առերեսումն անցել է աշխատանքային միջավայրում, որևէ ճնշում, որևէ ապօրինի գործողություն չի եղել. այսօր լրագրողներին հայտնեց ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի շահերի պաշտպան Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ առերեսման ժամանակ փոխադարձ հարցեր են եղել, որոնք բարձրաձայնել չեն կարող` նախաքննության շահերից ելնելով: Խաչատրյանը նշեց նաև, որ իրենք զերծ կմնան Ռուբեն Հայրապետյանի տված ցուցմունքի և, առհասարակ, առերեսման մասին շատ բան խոսելուց:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե առերեսումից մանրամասներ ներկայացնել պետք չէ, բայց կարելի է գոնե ընդհանուր ներկայացնել կատարվածը, ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը պատասխանեց, որ Ռուբեն Հայրապետյանն առերեսման ժամանակ նշել է, թե իր հայտարարությունները ստահոդ մատնություններ են: «Դրա հետ մենք, իհարկե, համաձայն չենք եղել, ու պնդել եմ իմ նախկին հայտարարությունները»,- ասաց նա` հավելելով, որ փորձ է եղել ինչ-որ ձևով ապատեղեկատվություն տարածել, որ իր ծեծը կենցաղային խնդիրների հետ է կապված:
«Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրս չի եղել: Հաջորդ փուլում նրանք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, թե իբր ես հանրապետության գործող նախագահին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»,- ասաց Հակոբյանը:
Ի դեպ, անդրադառնալով իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, նա նշեց, որ այդ մասին ևս շատ բան չի կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում:
Պատասխանելով հարցին, թե այդ ձայնագրությունը չի՞ հանձնվել իրավապահ մարմիններին, Ս. Հակոբյանը նշեց, որ ինքը, բնականաբար, չի հանձնել, քանի որ ձայնագրություն գտնելն իրավապահ մարմինների գործն է, այլ ոչ թե իրենը: Նրա խոսքով`մինչ առերեսումն ինքը Հայրապետյանի հետ որևէ հանդիպում չի ունեցել, ինչպես ներկայացվում է լրատվամիջոցներում: «Իհարկե՝ ոչ, ես հանդիպում չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Առաջարկություններ եղել են: Որոշ «վայ» լրատվամիջոցներ փորձեցին ինչ-որ մեկի պատվերով իմ անձի և մեր տեսակի վրա ցեխ շպրտել, թե ինչ-որ գումար է առաջարկվել: Իհարկե, հեղինակությունները փորձել են միջամտել, ինչ-որ բաներ հորդորել, արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, բայց բոլորն էլ մերժվել են: Որևէ մեկը չի կարող փաստել, որ ես որևէ մեկի հետ բանակցել եմ կամ փորձել եմ հանդիպել: Ես եմ հրաժարել հանդիպելուց»,- հայտարարեց ազատամարտիկը:
Սմբատ Հակոբյանը հերքեց այն տեղեկությունները, թե իբր ինքը հանդիպում է պահանջել Սերժ Սարգսյանի հետ: «Ես ինչպե՞ս կարող եմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջել, հիմքեր պետք է լինեն, ինչի՞ համար պահանջեմ»,- ասաց ազատամարտիկը և հավելեց, որ իրենք որևէ մեկի հետ այս հարցով բանակցությունների չեն գնալու: «Ո՛չ Սմբոն, ո՛չ իր ընկերները կուտը չեն ուտում, որևէ մեկս ծախվող չենք»,- ընդգծեց նա:
Ի դեպ, նրա գնահատմամբ, պաշտոնատար անձինք, պատկան մարմինները, ոստիկանությունը և քննչական մարմինը շատ նորմալ և պատշաճ կերպով են իրենց գործը կատարում: