կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 19:30
Քաղաքական

Ինչու Կարո Կարապետյանը առերեսման չգնաց Գոհար Ենոքյանի հետ

Ինչու Կարո Կարապետյանը առերեսման չգնաց Գոհար Ենոքյանի հետ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Yerkir.am-ի հետ զրուցում, խոսելով իր նախկին գործընկերներ Գոհար Ենոքյանի և Կարո Կարապետյանի անունների շուրջ պտտվող պատմությունների մասին, համոզմունք հայտնեց, որ երրորդ կողմի առկայության մասին պետք է խոսենք:

 

Բոստանջյանի կարծիքով` Գոհար Ենոքյանը պարզապես ունակ չէր նման հանցագործություն կատարելու: Նա նշեց, որ այդ մասին, ամենայն հավանականությամբ, գիտի նաև Կարո Կարապետյանը և այդ իսկ պատճառով այս երեք օրերի ընթացքում չի գնացել Ենոքյանի հետ հանդիպման:

 

«Տեղի է ունեցել ցավալի թյուրիմացություն: Իմ ամենամեծ ֆանտազիան անգամ թույլ չէր տա մտածել, որ կարող է հանկարծ փոքրագույն հիմք լինել Գոհար Ենոքյանին ձերբակալելու համար»,- ասաց Բոստանջյանը:

 

Նա նշեց, որ ինքը բավական լավ հարաբերություններ ունի ինչպես Գոհար Ենոքյանի, այնպես էլ` Կարո Կարապետյանի հետ: «Մեր իրականությունն այս պահին չի վկայում այն մասին, թե ամեն ինչը հիմնավորված, հավասարակշռված է ու իրականությանը համապատասխանող: Տիկին Ենոքյանի դեպքն էլ հենց դրա վառ ապացույցն է»,- ընդգծեց Բոստանջյանը:

 

«Ինչ-որ մարդկանց է հարկավոր եղել այս իրավիճակը ստեղծել: Մենակ էն հանգամանքը, որ Կարո Կարապետյանը առերեսման չի գնացել այս երեք օրվա ընթացքում, արդեն խոսում է այն մասին, որ նա ևս, իր կողմից, Գոհար Ենոքյանի դեմ հակված չէ մեղադրանքներ ներկայացնել»,- համոզմունք հայտնեց Բոստանջյանը:

 

Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը կասկածվում է  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին: Տեղեկացնենք նաև, որ նա հանրապետության տարածքը չլքելու ստորագրությամբ ազատ է արձակվել: