կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 12:32
Տնտեսական

Որ տանեն, պետք ա թքեմ երեսին. Փայլակ Հայրապետյանը` Սուքիասյանի հետ առերեսման մասին

Որ տանեն, պետք ա թքեմ երեսին. Փայլակ Հայրապետյանը` Սուքիասյանի հետ առերեսման մասին

Հայտնի է, որ այս շաբաթ նախատեսված է օֆշորային սկանդալի գործով մեղադրյալ` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի և գործով տուժող` սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանի առերեսումը: Սակայն yerkir.am-ի հետ զրույցում տուժողը հավաստիացրեց, որ իրեն որևէ բան չեն ասել` առերեսման օրվա հետ կապված:

 

«Եթե նախկինում գոնե մոտավոր ասում էին` երբ կլինի, հիմա դա էլ չեն ասում: Ես հիմա անելանելի դրության մեջ եմ, գործում որևէ շարժ չկա, առերեսման մասին ինձ ոչինչ չեն ասել»,- մեզ հետ զրույցում նշեց Հայրապետյանը և հավելեց, որ ինքն անհամբեր այդ օրվան է սպասում: «Որ տանեն առերեսման, պետք ա թքեմ երեսին, ասեմ` դու հանցագործ ես, խուլիգան»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Սուքիասյանի և Հայրապետյանի ցուցմունքում հակասություններ է հայտնաբերել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի համաձայն` երբ երկու անձանց ցուցմունքների միջեւ էական հակասություններ կան, ապա քննիչը պարտավոր է կատարել առերես հարցաքննություններ:

 

Մեզ հետ զրույցում անդրադառնալով գործին կցված նոր փաստաթղթերին, որոնք իբր փաստում են Սուքիասյանի` Աֆրիկայում «քցված» լինելու հանգամանքը, Հայրապետյանը նշեց, որ դա իր հետ կապ չունի, և որ իր խնդիրը հիմնականում բանկի հետ է կապված: Նա նաև նշեց, որ իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ այս գործի հետ առնչություն ունեցող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բացակայում է երկրից: «Որտեղ էլ, որ լինեն, միևնույն է`  պետք է մի օր պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Հայրապետյանը: