կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 12:29
Հասարակություն

Իմա՞ստը` որևէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու. Ալեն Սիմոնյանը` Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանի հայտարության մասին

Իմա՞ստը` որևէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու. Ալեն Սիմոնյանը` Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանի հայտարության մասին

Չկա նման հասկացություն, թե ես վստահում եմ ԱԱԾ-ին կամ վստահում եմ ՀՔԾ-ին, կամ` ինչ-որ մեկին. այսօր խոհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին:

«Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ եթե իմ ընկեր Դավիթ Սանասարյանը որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, ապա որևէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ նա նույնպես դրանում վստահ է»,- ասաց նա:

Սիմոնյանը նաև նշեց, որ եթե պարզվի` այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը: «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև դա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի ու նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի հայտարարությանը, թե գործը շինծու է, ԱԺ փոխնախագահը շեշտեց. «Դա աբսուրդ է, Հայաստանում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել ևս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որևէ մարտավարություն կառուցելու համար: Իմա՞ստը` որևէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ո'չ ընտրություն կա, ո'չ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի՞ համար և ի՞նչ պետք է  շինծու  կազմակերպի: Դրա իմաստն ուղղակի չկա»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: