կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 16:27
Քաղաքական

Այն սկզբունքները, որ ՄԽ-ն ուղարկել է՝ 3 կետ, 6 ենթակետ, վերաբերում են Կազանյան փաստաթղթին՝ մի ստորակետ առաջ, մի ստորակետ հետ. Սամվել Բաբայան

Այն սկզբունքները, որ ՄԽ-ն ուղարկել է՝ 3 կետ, 6 ենթակետ, վերաբերում են Կազանյան փաստաթղթին՝ մի ստորակետ առաջ, մի ստորակետ հետ. Սամվել Բաբայան

Արցախի հերոս Սամվել Բաբայանն այս տարի պատերազմի հավանականություն չի տեսնում և պնդում է` Մադրիդյան սկզբունքներով հնարավոր չէ լուծել Արցախյան խնդիրը:

«Լաչինի միջանցքով՝ կածանով, անհնարին է այդ հարցը լուծել, ուրեմն պետք է ղարաբաղցիներին նախապես ասես՝ վեր կացեք, իրերդ կապեք, եկեք էս կողմ, ու տաս Ադրբեջանին: Այդ ցանկության իրականացումն անհնարին է: Երեք նախագահները ոտքերն այդտեղ ջարդել են, էս վարչապետն էլ  չջարդի: Ասում եմ՝ կանգ առեք,  էդ սկզբունքների շուրջ կարգավորումն անհնարին է։ Չեք լսում, գնում եք` ոտներդ ջարդում, գնացեք: Ես չեմ խանգարում, բայց տեսակետ հայտնելու իրավունք ունեմ, չէ՞»,- նշեց նա:

Սամվել Բաբայանը հերթական անգամ ներկայացրեց իր առաջարկած այլընտրանքը: «Մենք ունենք երկու փուլով խնդրի լուծում. առաջին՝ մի պահ համարենք, որ Ադրբեջանը վաղը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ի՞նչ տարածքների վրա, ինչ սովետի ժամանակ ունեցե՞լ է, համաձա՞յն եք, իհարկե՝ ոչ: Այսինքն՝ քարտեզը փոխելու խնդիր ունենք, անվտանգություն ապահովելու, որովհետև 500.000 ադրբեջանահայեր տեղահանվել են Ադրբեջանից: Եվ եթե Ադրբեջանն իր հարյուր հոգուն Շուշիի շրջանից  պարտադրում է, որ պիտի վերադառնան, ապա այդ 500.000 ադրբեջանահայերն էլ են ցանկանում վերադառնալ: Նույն սովետական Ադրբեջանի քաղաքացին է եղել: Բերեք մարդկային խնդիրներն առաջին հերթին լուծենք, վերաբնակեցնենք, փոխանակենք, հետո անցնենք երկրորդ քայլին: Երբ ասում եմ` մանդատ. երրորդ կողմը, որ ԵԱՀԿ-ն է կամ ՄԽ-ի համանախագահող երկրները, հիմա էս մարդիկ նստել են, մենք իրար ծեծում ենք, իրենք էլ թե՝ եթե դուք համաձայնեք, մենք այդ դիրքորոշումը պաշտպանելու ենք: Ես առաջարկում եմ՝ կա'մ երրորդ կողմը պատասխանատվություն է վերցնում. ուզում եք առանձին, ուզում եք իրար հետ, ձեր մեջ բանակցեք, իսկ այն տարածքը, որը նոր կգծվի, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ուրեմն պիտի պատժեք: Դրանով Ղարաբաղը հանում ես պատերազմական գոտուց` այդ կտորը, որին ղարաբաղցիները համաձայնության կգան, այդ տարածքները: Սա է իմ առաջարկը` ընթացքում միջանկյալ  մինչև վերջնական լուծում, իհարկե ինչ-որ ժամանակ հետո ռեֆերենդում՝ կմիանան Հայաստանին, թե կանկախանան, դա մեր ազգային խնդիրն է: Մարդիկ ասում են՝ Ռուսաստան, էնտեղ Ռուսաստան բառ չկա, հակառակը՝ Ռուսաստան-ԱՄՆ գործոնն այստեղ պիտի չգործի, այլապես կունենանք կոնֆլիկտներ: Եթե մարդկանց հետաքրքիր է ամպագոռգոռ հայտարարություններ անել, նկատի ունեմ «Սասնա ծռեր»-ին, էդ որ Մադրիդյան սկզբունք են բանակցում, որ յոթ շրջան են հանձնում, էդտեղ հայտարարեն իրենց դիրքորոշումը, բացատրեն, որ իրենք դեմ են դրան, որ կոչ են անում չմասնակցել էդ բանակցություններին, թող ձեն հանեն, խի՞ չեն ձեն հանում, էդ ուղղությունի՞ց են փող ստանում, երևի․․․»,- մանրամասնեց Բաբայանը՝ հավելելով, որ «Այն սկզբունքները, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ուղարկել է՝ 3 կետ, 6 ենթակետ, վերաբերում են հենց Կազանյան փաստաթղթին՝ մի ստորակետ առաջ, մի ստորակետ հետ»:

«Այն մարդիկ, որ ասում են՝ մենք մի թիզ հող չենք զիջելու, իրենց հարց եմ տալիս՝ ինչի՞ երբ իշխանությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ նստում ու բանակցում են, դուրս չեն գալիս և ասում՝ ոչ մի թիզ հող չունենք զիջելու: Հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բայց առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը պետք է  ապահովել, որ չլինի ապագայում` մի բան որոշեցինք, և հանկարծ ընթացքում հակառակորդը փորձի խախտել: Մենք էնքան մեր անվտանգությունը պիտի ապահոված լինենք, որ դա անհնարին լինի: Դա պետք է ապահովել լուրջ երաշխիքներով»,- հավելեց Բաբայանը:

Նա վստահեցրեց՝ ՀՀ որևէ ղեկավարի չի պաշտպանել, ո'չ երեկվա, ո'չ էլ այսօրվա իշխանությունների հետ հարաբերություններ չունի: