Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մեր 25-ամյա պատմության ընթացքում առաջին դեպքն էր, երբ ընտրությունների արդյունքները կասկածահարույց չէին. լրագրողներին այսօր կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հետընտրական զարգացումներին անդրադառնալով` նա նշեց, որ չի տեսնում քաղաքական խարդավանքներ, որովհետև շատ բան պարզ է, քանի որ նախագահ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ էլ հայտարարեց, որ վարչապետն անմիջապես կնշանակվի: Հարությունյանը նշեց, որ ԱԺ հիմնական կառույցները ձևավորվել են, կառավարությունն էլ առաջիկայում կձևավորվի. հիմա պատրաստում է գործունեության ծրագիր, ինչից հետո նոր միայն, ըստ նրա, կկարողանանք գնահատել գործունեության ծրագիրը:
Պատգամավորն անդրադարձավ Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում ունեցած ելույթին: Ըստ նրա` նախագահի ուղերձը «հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ խոսք էր» և առաջ էր քաշում խնդիրներ, որոնք ավելի երկարաժամկետ էին: «Տեր-Պետրոսյանի` նախընտրական մրցապայքարում հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանությունները ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս: Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել, սա էր ենթադրում նախագահի ելույթը»,- ընդգծեց Հարությունյանը:
Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ մեզ համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը: «Չնայած նախագահի խոսքը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ` որ դրա հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- ասաց պատգամավորը:
Հարությունյանը նշեց, որ նախագահի այս ելույթը հնարավորություն է տալիս, որ թե' միջազգային հանրությունը, թե' մեր ներքին լսարանը հասկանան մեր դիրքորոշումը: