Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր հաստատեց ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագիրը: Ռազմավարությունը, ինչպես ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, մաքսային օրենսդրության կատարելագործման' ընթացակարգերի պարզեցման նպատակ է հետապնդում:
Ֆիզիկական անձանց մասով ՊԵԿ-ը նախատեսում է ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային կապի միջոցով ներմուծվող կամ արտահանվող ապրանքների դեպքում մաքսային ընթացակարգերի պարզեցման հարցը:
«Այստեղ մաքսային վարչարարության ուղղվածությունը դաշտի ազատականացումն է, սակայն այնպես, որ դա միաժամանակ չհանգեցնի մաքսային կանոնների խախտման եւ չարաշահումների»,- ներկայացրեց Միրումյանը եւ հավելեց, որ ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նրանց մասով ռազմավարությունը նույնպես նախատեսում է ռազմավարության վերանայում: Մասնավորապես, ինչպես նշեց ՊԵԿ փոխնախագահը, ներդրված է լիազորված տնտեսական օպերատորների գաղափարը:
«Դրանք բարեխիղճ արտահանողներն ու ներմուծողներն են, ովքեր օրենքով նախատեսված չափանիշներով ճանաչվում են որպես այդպիսին. նրանց տրվում է համապատասխան հավաստագիր, ինչը նշանակում է, որ ներմուծման եւ արտահանման ընթացակարգերը նրանց համար շատ ավելի պարզ են: Մասնավորապես` ե'ւ ԵՄ, ե'ւ ՄՄ օրենսդրության պարագայում նման տնտեսվարող սուբյեկտներին հնարավորությունն է ընձեռվում մաքսային վերահսկողություն իրականացնել իրենց ընտրած վայրում»,- պարզաբանեց Վախթանգ Միրումյանը:
Նա նշեց, որ շատ դեպքերում բարեխիղճ իրավաբանական անձանց տրամադրվում են նաեւ վճարումների կատարման արտոնություններ` վճարումների հետաձգման տեսքով, ինչպես նաեւ բոլոր այն դեպքերում, երբ նրանք ներկայացնում են նախնական տեղեկատվություն իրենց կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վերաբերյալ, նրանց թույլատրվում է նաեւ ապրանքներ տեղափոխել, մինչեւ մաքսային հայտարարագրեր ներկայացնելը եւ այլն:
Տիգրան Սարգսյանը, դիմելով Վախթանգ Միրումյանին, ասաց, որ փաստաթղթում ինքը չի հայտնաբերել ոչ մի կետ, որը վերաբերում է Մաքսային միությանը. «Այն պարագայում, երբ մեծածավալ աշխատանքներ պետք է կատարենք»:
Վախթանգ Միրումյանն այս կապակցությամբ պարզաբանեց, որ բոլոր ուղղությունները, որոնք ներառված են փաստաթղթում, վերաբերում են ՄՄ-ին:
«Բոլոր ուղղությունները, որոնք ռազմավարական սկզբունքների, նպատակների եւ միջոցառումների շրջանակներում կոնկրետ դրված են, դրանք անմիջականորեն բխում են ՄՄ անդամակցության շրջանակներում մեր դրույթների ներդաշնակեցումից»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
«Կարո՞ղ եք ասել, թե որ կետում ես կարդամ դրա մասին»,- հարցրեց վարչապետը, ինչին ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց, թե կոնկրետ գրված չէ, թե այս կետը բխում է Մաքսային միության շրջանակներից, միգուցե նման առանձին կետ չկա, բայց միջոցառումների ուղղությունները, որոնք առանձին կետերով ներկայացված են, բոլորը բխում են ՄՄ անդամակցության տրամաբանությունից:
«Մասնավորապես` առաջին ռազմավարական նպատակը, որը վերաբերում է «մաքսային օրենսդրության կատարելագործմանը` հիմք ընդունելով առաջավոր փորձ ունեցող երկրներում եւ միություններում ներդրվող համակարգերը», խոսքն այստեղ վերաբերում է, մասնավորապես, Մաքսային միությունում կիրառվող համակարգերի ներդրմանը եւ ընթացակարգերի ներդրմանը»,- ասաց Միրումյանը:
Վարչապետն առաջարկեց 1-2 օրվա ընթացքում ձեռք բերված բոլոր համաձայնությունները ներառել այդ փաստաթղթում:
Վախթանգ Միրումյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ նոր փաստաթղթի մասին որոշ մանրամասներ: