Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղերձը սահմանադրության օրվա առթիվ․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, գերակայությամբ օժտված իրավական ակտ հանդիսանալով, հստակ ուրվագծել է մեր պետության և հասարակության առանցքային և հիմնարարար սկզբունքները` Հայաստանի Հանրապետությունը հռչակելով որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:
Հատկանշական է այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է նաև մեր` փաստաբաններիս անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված գործունեությունը:
Հիշատակելով վերոգրյալը` պետք է արձանագրենք, որ փաստաբանական համայնքը, այնուամենայնիվ, առերեսվում է լուրջ խնդիրների, որոնք անմիջականորեն կարող են ազդեցություն ունենալ մասնագիտական գործունեության վրա:
Թերևս անընդունելի է, երբ փաստաբանի գործունեությանը խոչընդոտում են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այն էլ բռունցքներով:
2023 թվականի առաջին կիսամյակում երեք փաստաբան ենթարկվել է բռնության իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ մասնավորապես ոստիկանության ծառայողների կողմից:
Հատկանշական է նաև այն, որ տվյալ փաստաբանները ոստիկանության ծառայողների կողմից բռնության են ենթարկվել իրենց վստահորդների իրավունքները պաշտպանելիս:
Կատարվածի առնչությամբ, փաստաբանները նպատակ ունենալով կանխել մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները, ներկայացրել են իրենց օրինական պահանջները` ակնկալելով իրավական պետությանը համահունչ արձագանք:
Այս խորհրդանշական օրը լիահույս եմ, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունը չի սասանվի:
Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս այն համոզմունքով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որպես իրավական հենարան հռչակված մայր օրենք, ծառայելու է իր նպատակին»: