Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1853 թվականի հունվարի 19-ին Հռոմում ջրհեղեղ էր: Ափերից դուրս եկած Տիբրոսը հեղեղել էր «Ապոլլո» թատրոնի շրջակա փողոցները: Բայց անցուդարձը նրանցում երեկոյան աշխույժ էր, քանի որ արվեստասեր հանրությունը շտապում էր Վերդիի նոր օպերան՝ «Տրուբադուրը» դիտելու: Իտալացիներն անհամբեր էին մեծ կոմպոզիտորի նոր ստեղծագործությունն ըմբոշխնելու, և բնության որևէ քմահաճույք անկարող էր նրանց հետ պահել այդ նշանակալից իրադարձությանը ներկա լինելու որոշումից... Այդ օրվանից անցել է շուրջ 165 տարի, և «Տրուբադուրի» պրեմիերայի հաջողությունը շարունակաբար կրկնվում է ամեն անգամ, երբ բեմից հնչում է մեծ իտալացու երաժշտությունը: Այն օպերային թատրոնների թատերացանկերում հաճախ է ընդգրկվում՝ շնորհիվ հիասքանչ, տպավորվող ու հիշվող մեղեդիների առատության, գեղեցկության և արտահայտչականության:
...Իսպանացի նշանավոր դրամատուրգ– ռոմանտիկ Գարսիա Անտոնիո Գուտերրեսի առաջին իսկ ստեղծագործությունը՝ «Տրուբադուրը», միանգամից մեծ ճանաչում բերեց երիտասարդ գրողին: Գեղարվեստական երկի դրամատիկական իրավիճակների ցայտունությունը, սոցիալական բողոքի կրքոտ ոգին, հուզականությունը մեծ հաջողությամբ արտահայտեց Ջուզեպպե Վերդին իր երաժշտական խոշոր կտավում՝ նույնանուն օպերայում: 1850 թ. Վերդին իր լիբրետիստ Կամարանոյին հանձնարարում է օպերային լիբրետոյի համար «հիասքանչ, գաղափարներով և իրադարձություններով հարուստ դրամա» մտածել: Լիբրետոյի վրա աշխատում էին երկուսով, սյուժեն անձամբ մշակում էր Վերդին: 1852-ի աշնանը Վերդին լիովին նվիրվում է օպերայի ստեղծմանը և մի քանի ամսից ավարտում այն:
«Տրուբադուրում» Վերդին կլանված էր հատկապես գլխավոր հերոսներից մեկի՝ օպերայի համար, իր իսկ բնորոշմամբ, «անսովոր ու նոր» կերպարով՝ գնչուհի Ազուչենայով: Ազուչենան այս երաժշտական մեծակտավ ստեղծագործության կենտրոնական և, թերևս, ամենից դրամատիկ կերպարն է, որը ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին մարմնավորեց Նարինե Անանիկյանը:
Նրա երգեցողությունն աչքի է ընկնում զգացմունքների հաղորդման ուժով ու ճշմարտացիությամբ: «Տրուբադուրին» հատուկ ցնցող դրվագներում Նարինե Անանիկյանի մեցցո-սոպրանոն դյութում է իր մարմնավորած հերոսուհու՝ Ազուչենայի հոգեկան վրդովմունքի, երկվության, ատելության և սիրո, մայրական նվիրվածության և ազատության ձգտման, զգացմունքների հարստության ողջ տարողությունը հաղորդելու արտիստական և երգչական կարողությամբ:
Առանձնակի դրամատիկ պահերից մեկն է, երբ բոցավառվող խարույկի մոտ Ազուչենայի հիշողության մեջ արթնանում է իր մոր մահապատժի մասին հիշողությունը, և երբ ինքը պաղատում է որդուն՝ Մանրիկոյին, վրեժ լուծել իր մոր դահճի՝ կոմս դի Լունայի որդուց: Ազուչենայի վշտալի երգը և նրա ողբերգական պատումը հիշողության մեջ տպավորվում են իրենց դրամատիկ շեշտվածությամբ և մեղեդային կառույցով: Վրեժխնդրության զգացումով տոգորված Ազուչենա-դստեր կերպարը լրանում է Ազուչենա-մոր նվիրվածությամբ: Հարցաքննության հիանալի տեսարանում ավելի է բացահայտվում թե՛ հերոսուհու բարդությունն ու հակասականությունը, թե՛ այն կերպավորող երգչուհու կարողությունը՝ հաղորդելու կերպարի ողջ խորքն ու իրավիճակների դրամատիզմը: Վերդին գտնում էր, որ Ազուչենայի բնավորության հիմնական յուրահատկությունը կազմում են «երկու մոլի կիրք, որ տիրում են այդ կնոջը՝ որդիական սերը և ծնողական սերը»: Նարինե Անանիկյանին հաջողվում է արտահայտել դրանք՝ իրենց ողջ խորությամբ: Խարույկի տեսարանում երգչուհին ցնցող ուժով բացահայտում է Ազուչենա-դստեր կերպարը, իսկ հարցաքննության տեսարանում խորությամբ արտացոլում է անձնազոհ մայրական սերը:
Առաջին իսկ արարում տրուբադուրի վեհաշուք ու պարզ երգը (դերակատար՝ Հովհաննես Այվազյան) հակադրվում է կոմս դի Լունային բնութագրող ռազմական խրոխտ երգեցողությանը (դերակատար՝ Առնոլդ Քոչարյան):
Առանձնակի հիշվում են սիրային զուգերգերը, գլխավոր հերոսների կատարած խրոխտ և հզոր ռազմերգերը, նաև վերջին արարում Լեոնորայի մեներգի ոգեշունչ մեղեդին, նրա կրքոտ կոչը սիրեցյալին, որ հնչում է նվագախմբի կատարմամբ՝ գիշերային թրթռուն ֆոնի վրա: Այդ հիասքանչ, կյանքի ծարավով լեցուն մեղեդին հնչում է՝ ի հակադրություն հեռվից լսվող թաղման զանգահարության ղողանջների և վանականների մռայլ երգեցողության: Լեոնորայի տառապագին ողբը և տրուբադուրի քնարական հրաժեշտի երգը ողբերգական ցնցող մի անսամբլ են, և երևանյան բեմին այս տեսարանի ազդեցիկության «համահեղինակներն» են դառնում Մագդա Մկրտչյանը և Հովհաննես Այվազյանը:
Պակաս ազդեցիկ չէ օպերայի ավարտական գործողությունը: Իր ապստամբ մահապատժի դատապարտված որդու հետ բանտված գնչուհի Ազուչենան զառանցում է: Վշտից, վախից, անքնությունիից ուժասպառ կնոջ մտքերը շփոթ են. հարազատ լեռներն են տեսլանում անազատության մեջ տառապող գնչուհուն: Ազուչենայի լուսավոր քնարականությամբ լեցուն երգը, հեռավոր լեռներ տեղափոխվելու պատրանքը հնչում է սիրահար սրտերի՝ Լեոնորայի և Մանրիկոյի ողբերգական բացատրությանը միահյուսված: Վերդիի ստեղծած հիասքանչ տրիոն դրամատիկ հզոր ուժով ու վառ արտահայտչականությամբ ցնցող մի տասարան է, որ նախորդում է օպերայի ողբերգական ավարտին:
Ի լրումն այս ամենի նշենք Պողոս Բեազբեկյանի, Արմեն Բադալյանի, Ռոզա Հովսեփյանի, Արմեն Գրիգորյանի անունները, որոնց ևս վերապահված էին օպերային ներկայացման դրամատիկ գործողություններում լուրջ դերակատարումներ: Դիրիժորն էր Ռուբեն Ասատրյանը:
Հասմիկ Սարգսյան