Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գալինա Կարապետյանը 4 տարի ռազմական ավիացիոն համալսարանում սովորելուց հետո այսօր արդեն ծառայության կմեկնի լեյտենանտի կոչումով: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ «Արմենպրես»–ի հետ զրույցում հայտնեց լեյտենանտը:
«Մենք առաջին աղջիկներն ենք, որ չորս տարի սովորում ենք ու գնում ծառայության` որպես դասակի հրամանատարներ: Անսովոր կլինի իմ ենթակայության տակ գտնվող տղաներին հրաման տալը, բայց ինձ թվում է` կհարմարվենք, որովհետև գիտենք, որ սպան հայոց բանակում պետք է իր դիրքն ունենա, կապ չունի` կին է, թե` տղամարդ»,- նշեց Գալինան:
«Հիմա էլ բողոքներ կան, որ պետք է գնամ տնից շատ հեռու ծառայելու, բայց դեմ չեն կանգնում իմ ընտրած մասնագիտությանը, որովհետև մտածում են, որ ավելի լավ է այն ես ընտրեմ ու դժվարությունները կարողանամ ինքս հաղթահարել»,- ասաց լեյտենանտ Կարապետյանը:
Ավարտական միջոցառմանը մասնակցելու, նորաթուխ սպաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում կարևորեց հատկապես աղջիկ սպաների դերը:
«Ուզում եմ քաջալերել մեր աղջիկներին, որ իրենք բարձրագույն կրթություն ստանալու այսպիսի տարբերակի մասին մտածեն, որովհետև դա մեր ծառայության որակը, ընդհանուր առմամբ, կբարձրացնի»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը շրջանավարտներին ուղղված խոսքում նշեց, որ լինել հայոց բանակի սպա՝ նշանակում է լինել պատասխանատու ոչ միայն զինվորների առաջ, այլև այդ զինվորների համար:
«Վաղը հայոց բանակը չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է երեկ, որովհետև ունենալու է ձեզ: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ ինչ-որ բան փոխելու է բանակում, և որ հայոց բանակի ապագան կախված է ձեզանից»,- ասաց Փաշինյանը:
Լեյտենանտի կոչումը նոր ստացած Կորյուն Սահակյանը նույնպես իր մասնագիտությունը սիրելով է ընդունվել համալսարան: Ասում է, որ ծառայությանը լավ է տրամադրված:
«Եղել եմ այն զորամասերում, որտեղ մենք պետք է անցկացնենք ծառայությունը: Շատ լավ մթնոլորտ է տիրում, ծառայությունն էլ լավ կանցնի»,- նշեց լեյտենանտ Սահակյանը: