Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող աշխատակցուհիների հետ:
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին:
Գարեգին Բ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին իրենց անսակարկ ու նվիրյալ ծառայության համար, որով նպաստում են Եկեղեցու հեղինակության բարձրացմանը և առաքելության արդյունավոր իրականացմանը:
Անդրադարձ կատարելով Սուրբ Աստվածամոր կերպարին` Նորին Սրբությունը պատգամեց կանանց լինել հայի բարոյական կյանքի կերտողը, մշտապես ջերմության և ուրախության մեջ պահել հայկական օջախները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին իրենց օրինակելի ընթացքով և ընտանիքի հանդեպ ունեցած նվիրումով շենացնել հայոց կյանքը և իրենց հայրենասիրությամբ զորացնել հայրենիքը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին Սուրբ Աստվածածին նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողության մասին՝ ընդգծելով, որ այն մեծ ու բերկրառատ իրադարձություն էր ողջ արցախահայության համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայցելով Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, ներկաներին մաղթեց արևշատություն և խաղաղ ու բարօր կյանք Տիրոջ Ամենախնամ Սուրբ Աջի ներքո: