կարևոր
3979 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 22:03
Հասարակություն

Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով. Վիգեն Սարգսյան

Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով. Վիգեն Սարգսյան

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է:

Տեղեկատվություն տարածվեց 2019-ի սեպտեմբերից չարչրկվող` ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում իբր առկա չարաշահումների հիմքով ինձ և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ ներգրավելու՝ հսկող դատախազի որոշման մասին:

Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով:

Պաշտպանության նախարար ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար արել եմ ավելին, քան փաշինյանական կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ այս հինգ տարիների ընթացքում: Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթն, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:

Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է:

Զավեշտ է, որ դատախազությունը, ինձ հետ կապ հաստատելու որևէ ջանք չգործադրելով, թեև ես բազմիցս հայտնել եմ իմ հեռախոսահամարի, էլ. փոստի անփոփոխ լինելու և իմ գտնվելու վայրի մասին, զրկել է ինձ օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից:

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: Այս պարագայում, նաև ազդակ է երկրի պաշտպանությունը բացահայտորեն տապալած հանցագործների կողմից` իմ Հայաստան վերադառնալու անցանկալիության մասին: Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է` առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին »,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Նա մեղադրվում  է 2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երեւան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ կատարելու մեջ: