կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 12:30
Հասարակություն

Գալիպոլիի հաղթանակը նշելով` Թուրքիան փորձում է մեզ ինչ-որ բան ապացուցել. Սերժ Սարգսյան

Գալիպոլիի հաղթանակը նշելով` Թուրքիան փորձում է մեզ ինչ-որ բան ապացուցել. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия հեռուստաընկերության «Мнение» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ Թուրքիայի հետ հարաբերություններին։


Սարգսյանը պատմել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատմությունը, ապրիլի 23-24-ը Երևանում նախատեսված միջոցառումների մասին: Նա նշել է, որ այդ օրը մեր կողքին են լինելու շատ երկրների ղեկավարներ,  նաև` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում մասնակցությունը, մասնավորապես, կարևոր է:

 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի մասին լրագրողի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է հետևյալը. «Մենք երբեք նախապայմաններ չենք դրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել կարգավորման, սակայն թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից և չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները:

 

Երկրորդ փորձ էլ է եղել` ես հրավեր եմ ուղարկել Թուրքիայի նախագահին՝ ապրիլի 24-ին այցելել Երևան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Սակայն թուրքական կողմը ոչ միայն մերժեց հրավերը, այլև պատասխան հրավեր արեց՝ Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու։ Բոլորին հայտնի է, որ Գալիպոլիի մարտերը չեն սկսվել ու չեն ավարտվել ապրիլի 24-ին, և Թուրքիան երբեք այդ մարտերում հաղթանակն ապրիլի 24-ին չի նշել։ Այսպիսով՝ մենք համոզվեցինք, որ Թուրքիան ընդլայնում է իր ժխտողական գործիքները և,  Գալիպոլիի հաղթանակը նշելով, փորձում է մեզ ինչ-որ բան ապացուցել»:

 

ՀՀ նախագահը, սակայն, նշել է, որ նկատվում է դրական դինամիկա, և ինքը շնորհակալ է Թուրքիայի այն քաղաքացիներին, որոնք սկսել են ճանաչել Ցեղասպանությունը: