Կի՜ն, ծաղիկների՛ ծաղիկ, շնորհավո՛ր տոնդ․․․
Մենք ծաղիկների բույրը վայելում ենք մեր հոտոտելիքով, երկնային հրաշալիքները` մեր տեսանելիքով, բնության տված բարիքները` ճաշակելիքով, սոխակի դայլայլը` լսելիքով, թոռնիկների այտերը շոյում ենք շոշափելիքով։ Իսկ երբ կամենում ենք կնոջ սերը վայելել, տեսնում ենք, ավա՜ղ, մեր հինգ զգայարանները շա՜տ քիչ են, այդ անսահման վայելքն ըմբոշխնելու։ Հինգ զգայարաններով չի վայելվում, դրա համար հարկավոր էր, որ մենք ունենայինք առնվազն մի քսանհինգ զգայարան, որ չունենք։ Անճարացած օգնության ենք կանչում մեր հոգին և ուզում ենք պաշտել նրան։ Բայց պաշտամունքը գոյություն չունեցող աստվածներին է հատուկ, իսկ գոյություն ունեցող աստվածները պահանջում են դրանից ավելին։ Ու ես զարմանում եմ, թե ո՞ւմ համար է ստեղծվել կինը, երբ տղամարդը չունի նրան վայելելու չափ հզոր զգայարաններ։
------
Մեղրը բուժում է վաթսուն տեսակի հիվանդություն։ Ինչո՞ւ, որովհետև մեղուն այն հավաքում է աշխարհի բոլոր ծաղիկների նեկտարից։
Այս օրինակով, եթե գտնվի մի մեղու էլ, որ աշխարհի բոլոր կանանց նեկտարից մեղր պատրաստեր, այդ մեղրը ոչ միայն հիվանդներին կբուժեր, այլև մեռածին կենդանություն կտար։
Կի՜ն, ծաղիկների՛ ծաղիկ, մարդիկ իրենց կյանքը խնայում են միայն քեզ նվիրելու համար։
Լեռ Կամսար, 1962թ․, անտիպ