Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեկցության տոնի կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում:
Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝ հայտնվելով անսպասելի մարտահրավերների հանդիման:
Շատ դեպքերում ճգնաժամի պատճառով ավելի են սրվել նախկինում գոյություն ունեցած խնդիրներն ու բարդությունները՝ բազմաթիվ մայրերի, դուստրերի, կանանց ու քույրերի դնելով առանձնահատուկ խոցելի վիճակում եւ կառավարությունն այս օրերին ամենօրյա աշխատանքով ջանքեր է գործադրում ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու համար:
Բայց առավել եւս այս պայմաններում հարկ եմ համարում ընդգծել՝ մայրությունն ու գեղեցկությունը մեզ համար միայն գորովանքի ու հիացումի առարկա չեն:
Մենք հավատում ենք, որ նաեւ մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը: Մայրությունն ու գեղեցկությունը նաեւ առաջնորդության հատկանիշներ են եւ մենք այսօր փառաբանում ենք մայրության եւ գեղեցկության ստեղծարար ուժը, համախմբելու էներգիան, առաջ մղելու հատկությունը:
Այսօր բազմաթիվ բուժաշխատող մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր պայքար են մղում կորոնավիրուսի դեմ:
Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր հեռավար կրթության պայմաններում շարունակում են ուսուցչական իրենց առաքելությունը:
Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր ամենօրյա աշխատանքով ապահովում են մեր պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեությունը:
Մայրությունը եւ գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են: Եվ համոզված եմ՝ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է մեր ապագա հաղթանակները:
Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով եւ խոնարհվում ենք ձեր առաջ»: