| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Պոլիսն ապրիլը հռչակել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը`միաժամանակ մանրամասնելով, որ դա վերաբերում է հայերի, հույների և այլ ազգերի դեմ իրագործված ցեղասպանություններին:
 
 Նահանգապետի հայտարարության մեջ նշված է նաև, թե որքան կարևոր է ցեղասպանությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև մարդկության դեմ նման հանցանքների կազմակերպիչների և դրանք ժխտողների դատապարտումը:
 
 «Կոլորադոյի բնակիչների համար կարևոր է հիշել և ոգեկոչել 20-րդ դարում հայերի, հրեաների, կամբոջացիների, բոսնիացիների, ռուանդացիների և այլ ազգերի, ինչպես նաև 21-րդ դարում դարֆուրցիների, ռոհինջաների, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների դեմ կազմակերպված ցեղասպանությունները»,- շեշտել է նահանգապետը:
 
 Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 50 նահանգից 49-ի կողմից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանի և Քեթրին Բարգերի նախաձեռնությամբ, ապրիլը հայտարարվեց «Հայոց պատմության ամիս»: