կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 10:53
Աշխարհ

Գլենդելում ապրիլը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ամիս

Գլենդելում ապրիլը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ամիս

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները, քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, միաձայն ընդունել են հռչակագիր՝ ապրիլը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի ամիս. տեղեկացնում է Asbarez-ը:

 

Խորհրդի անդամները համայնքին հրավիրել են մասնակցելու Ցեղասպանության մասին իրազեկող մի շարք միջոցառումների, որոնք տեղի են ունենալու «հիշողության շաբաթվա» շրջանակներում: 

 

Մարտի 10-ին կայացած` քաղաքային խորհրդի նիստում Սինանյանն ընթերցել է հռչակագիրը, որտեղ ասվում է.


«Քանի որ, Գլենդելը Միացեալ Նահանգներում ամերիկահայերի ամենամեծ համայնքը ներկայացնող քաղաքն է, եւ Հայաստանից դուրս հայ ժողովրդի համար հայկական մշակութային կենտրոններից: Քանի որ հայ համայնքը մեծապէս մասնակցել է քաղաքի զարգացմանը եւ զգալի ներդրում ունեցել մասնագիտական տարբեր ոլորտներում: Քանի որ, Գլենդելի հայկական ծագում ունեցող բնակիչներից շատերը կորցրել են ընտանիքի շատ անդամների, իրենց կարողութիւնն ու ժառանգութիւնը 1915-1923թթ.ի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, եւ շուրջ 1.5 միլիոն հայեր կոտորուել եւ տեղահանուել են իրենց հայրենի հողից, իսկ վերապրածները հեռացել են: Քանի որ, Թուրքիայի Հանրապետութիւնը, որ Օսմանեան կայսրութեան հետեւորդն է, իրականացնում է Ցեղասպանութեան հերքման ակտիւ արշաւ՝ մերժելով մարդկութեան դէմ իրականացրած սոսկալի յանցագործութիւնն ու փորձում է ջնջել այդ մասին յիշողութիւնն իրենց պատմութիւնից: Քանի որ, 2015թ.ը նշանաւորում է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը եւ տարելից է նրանց համար, ովքեր թէեւ փրկուելով, պէտք է կրէին իրենց սիրելիների կորուստը Սիրիայի անապատներում, Արեւմտեան Հայաստանում հայկական անհաշիւ քաղաքներում ու գիւղերում:

 

Մենք գնահատում ենք համայնքի կամաւորների ջանքերը՝ կազմակերպելու «Յիշողութեան շաբաթ», որի ընթացքում տարբեր ձեռնարկների միջոցով յիշատակելու եւ ճանաչելու ենք Ապրիլի 24ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր: Մենք յորդորում ենք Վաշինգտոնում մեր ներկայացուցիչներին եւ ընտրուած պաշտօնեաներին եւս հետեւել մեր օրինակին»:

 

Քաղաքային խորհրդի անդամներն իրենց խոսքում նշել են, որ Թուրքիան վաղ թե ուշ պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը` միաժամանակ ողջունելով հայ համայնքի ջանքերը Ցեղասպանության և դրա հետևանքների մասին Գլենդելի բոլոր բնակիչներին իրազեկելու հարցում:


Հռչակագրի և համապատասխան բանաձևի ընդունման համար քաղաքային խորհրդին իրենց երախտագիտությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման հանձնախմբի համանախագահներ Կարո Ղազարյանն ու Թալին Յաքուբյանը:


Հայ Դատի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Էլեն Ասատրյանը ևս շնորհակալություն է հայտնել և ընդգծել այն հանգամանքը, թե Գլենդելը ԱՄՆ-ում միակ քաղաքն է, որ «հիշատակի շաբաթ» է անցկացնում՝ քաղաքացիներին իրազեկելով Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած ողբերգությունների մասին:

 

Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի հանրային կապերի համակարգող Տիգրանա Զաքարյանն էլ ընդգծել է, որ առաջին անգամ Գլենդելի քաղաքային խորհրդի բանաձեւում կոչ է արվում նաեւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսի անդամներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: