կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-03 14:49
Առանց Կատեգորիա

Հայաստանում ոչ թե քաղաքական ուժ, այլ մեկ անձ է իշխում. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

Հայաստանում ոչ թե քաղաքական ուժ, այլ մեկ անձ է իշխում. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայի հանդիպումը տևեց 3 ժամ։ «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսելու մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական: Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ կգնահատի հանդիպումը դրական»,- հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետը, որի հույսերն այնքան էլ չարդարացան Ալիևի հետ կապված։ Վերջինս էլ կոնկրետ խնդրի մասին է բարձրաձայնել, այն է՝ բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել, քանի որ դա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ է։ «Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև են, ինչպես երկար տարիներ եղել են»,- նշել է Ալիևը: 

Ռազմական փորձագետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանի հետ զրուցեցինք այս հանդիպման շուրջ։

-Հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները, նաև Փաշինյանի գնահատականը, կարելի է ասել, որ ոչ մի առաջընթաց հարցի կարգավորման ուղղությամբ չի եղել,- փաստեց պարոն Եղիազարյանը։ - Էական մի հանգամանք ևս. բանակցությունների սեղանին չի եղել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումների պայմանավորվածությունների փաթեթը, որը շատ կարևոր է։ Դրանք զսպման, վերահսկման մեխանիզմների ներդրման և զինադադարը չխախտելու վերաբերյալ էին։ Այս հանգամանքի բացակայությունն էլ նվազեցնում է այն երաշխիքները, որ Ադրբեջանը հետագայում ռազմական ճանապարհով չի փորձի լուծել հարցը։ Դեռ ամեն ինչ պարզ չէ, այս թեմայով բաց չի խոսվել, չի ասվել, թե 3 ժամվա ընթացքում ինչ են զրուցել։ Այսինքն՝ բանակցել են բանակցելու համար, որն էլի լավ է, քանի որ արդյունք չլինելու պարագայում էլ բանակցել պետք է, խնդիրը բանակցություններով, ոչ թե ռազմական ճանապարհով պետք է լուծվի։

-Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում ասված է, որ բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի մարդասիրական միջոցառումներով: «Հիշատակելով Դուշանբեում իրենց զրույցը՝ երկու առաջնորդները հանձնառություն են հայտնել ամրապնդելու հրադադարը և բարելավելու ուղիղ հաղորդակցության մեխանիզմը: Նրանք նաև համաձայնվել են մի շարք մարդասիրական միջոցառումներ իրականացնել»: Սա ի՞նչ է ենթադրում, ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը։

-Դեռևս հստակ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Ակնհայտ մոտեցումն այն է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց այդ ամենն ասելով ի՞նչ նկատի ունեն, դժվար է ասել, որովհետև բառերը դեռ երևույթներ չեն նկարագրում։ Դրա տակ կարելի է հասկանալ խաղաղապահ ուժերի կիրառում։ Փակագծերը դեռ պետք է բացվեն։ Ինչպես հասկանում եմ, այս հանդիպման խնդիրն այն է եղել, որ փոխադարձ վստահությունը վերականգնվի, զինադադարը պահպանվի, բայց սա միայն խոսքի մակարդակում, առանց գործնական որևէ քայլի իրագործման։

-Փաշինյանը մշտապես վկայակոչում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը, բայց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ եթե ասում են՝ խաղաղություն տարածքների դիմաց, ինքը դա փոխարինում է այլ մոտեցմամբ՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց։ Ասել է՝ վարչապետի և նախարարի կարծիքները հակադրվու՞մ են, թե՞ Տոնոյանը կոշտ դիրքորոշում է որդեգրել։

-Եղած մոտեցման պահպանմամբ, նաև կոշտ դիրքորոշման ընդգծում։ Հռետորաբանությունը փոխվել է, որը խոսում է մեր մարտավարության մասին։ Պաշտպանության նախարարն էլ, բնականաբար, կողմ է խաղաղ ճանապարհով հարցի հանգուցալուծմանը, բայց սա մարտավարական մոտեցում էր, նաև ուղերձ հակառակորդին։ Այն, ինչ ապրիլին տեղի ունեցավ, ցույց տվեց, որ մենք պաշտպանական մարտավարության մեջ էինք։ Դավիթ Տոնոյանը ողջունելի մոտեցում է ցուցաբերել՝ փաստելով, որ այսուհետ եթե նման ագրեսիվ դրսևորում լինի հակառակորդի կողմից, մենք ոչ թե կպաշտպանվենք, այլ կանցնենք պատժիչ, կանխարգելիչ գործողությունների։ Այս համատեքստում նա նշում է նաև գրոհային ստորաբաժանումների ավելացման մասին։ Այս իրավիճակում ճիշտ դիրքորոշում է հայտնել նախարարը, որ եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի, ավելին, ոչ միայն գրոհը կկասեցվի, այլև նոր տարածքներ կկորցնեն։ Սակայն սա ագրեսիայի մասին չի խոսում, եթե նրա ողջ ելույթին հետևենք, կտեսնենք, որ Տոնոյանը խաղաղության կողմնակից է, բայց նաև արձանագրում է ավելի լավ պատրաստված լինելու, ցանկացած պահին հակառակորդին հակադարձելու մասին։ Այսինքն, Ադրբեջանը պետք է իր ուղեղից հանի զենքի տարբերակով, ռազմական ճանապարհով խնդրի լուծման տարբերակը։

-Նիկոլ Փաշինյանը առանց Արցախի մտադիր չէ բանակցություններում օրակարգ քննարկելու։ Նշմարվու՞մ են այն քայլերը, որոնք Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին են վկայում։ Հավելենք, որ հենց այս հանդիպումից հետո Ալիևն անդրադարձել է այդ խնդրին՝ ընդգծելով, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում։

-Այս հանդիպման ժամանակ նման բան չէր նկատվում։ Չկա որևէ գործնական քայլ, որը թույլ կտա Արցախին, որպես երրորդ կողմ, մասնակցել բանակցություններին։ Որոշ ռուս վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, թե Փաշինյանը փորձում է այդ հարցին մոտենալ, բայց գործնականում դա ինչպես է արտահայտվում, ինձ համար տեսանելի չէ։ Հուսանք, Հայաստանում Փաշինյանն ավելի հանգամանորեն կխոսի այս հանդիպումից՝ ներկայացնելով բանակցություններն այնքանով, որքանով պետք է հրապարակային լինի։ Այն խոստումները, որոնք ժամանակին տվել էր, որ ինքը չի կարող Արցախը ներկայացնել, որովհետև արցախցին չի իրեն ընտրել, և բանակցություններում Արցախը պետք է լինի առանձին կողմ, հույս ունենանք, որ կպահպանվեն։

-Իշխանությունը հայտարարում է, որ լեգիտիմ ղեկավարն ավելի ամուր ու վճռական կարող է լինել բանակցությունների ժամանակ, սակայն մոռացվում է մյուս հանգամանքը։ ՈՒժեղ թիկունք ունեցող ղեկավարը ևս կարող է պայմաններ թելադրել ու դրանք իրագործել։ Խոսքը երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին է, մենք ունե՞նք այդ հզոր հենարանը ներսում, որ դրսում կարողանանք որոշակի պահանջներ դնել։

-Ճիշտ կլինի այդ հարցին պատասխանեն իշխանության ներկայացուցիչները, թե որքան է պետության պատրաստվածությունը՝ դիմագրավելու ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ցանկացած կոշտ մարտավարություն ենթադրում է նաև թիկունքային լավ պատրաստվածություն։ Կարծում եմ, սպասվող պատերազմները չեն կարող լինել երկարատև, բայց մարդկային և նյութական ռեսուրսների շատ մեծ պահանջ են ունենալու։ Լեգիտիմությունը ղեկավարին ավելի շատ թույլ է տալիս ժողովրդի տեսակետը հայտնել բանակցություններում, բայց հանրության մեծամասնությունը զիջումների պատրաստ չէ, պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը հենց ժողովրդի դիրքորոշման արտահայտումն էր։ Կարծում եմ, քաղաքական իշխանությունն էլ բանակցային սեղանի շուրջ հենց այս մոտեցումը կպահի։ Պատերազմներում հաղթում են այն ժողովուրդները, որոնք իրենց հաղթանակի նկատմամբ հավատ ունեն։ Եթե սա ապահովում ենք, հաղթանակ միանշանակ լինելու է։ Երբ դիտարկում ենք նախորդ շրջանի ռազմական բոլոր գործողությունները, տեսնում ենք, թե ում հետ ենք պատերազմում, ու ինչ հնարավորություններ ունի, ոչ մի անգամ չի եղել, որ մարդկային, ֆինանսական, նյութական միջոցներով Ադրբեջանին մենք գերազանցենք։ Միշտ մենք մի քանի անգամ պակաս ենք ունեցել, բայց հաղթանակներ կերտել ենք։ Այստեղ իշխանության կարևոր դերակատարումն այն է, որ հանրությանը չբաժանի սևերի ու սպիտակների, համախմբի մեկ միասնական, ազգային նպատակի իրագործման շուրջ։ Եթե իշխանությունը կարողանա ձևավորել այս մթնոլորտը, անկախ նյութական, ֆինանսական ռեսուրսներից կհաղթենք հաջորդ հնարավոր պատերազմում։

-Սակայն այսօր դժվար է խոսել այդ միասնականության մասին, գնալով սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, հին ու նոր կադրերի միջև վիհը մեծանում է։

-Այո, ցավոք, այդ ոչ ճկուն, չեմ ուզում ասել գիտակցված քաղաքականությունը կա, երբ հների ու նորերի են բաժանում մարդկանց, ինչը ոչ մի լավ տեղ չի տանում։ Սա մտահոգիչ է։ Հայաստանում չի իշխում քաղաքական ուժ, Հայաստանում կա մեկ անձ, որի շուրջ խումբ է ձևավորվել։ Հիմա շատ բան կախված է այդ մեկ անձից, թե նա այդ խմբին ինչպես է տրամադրելու։ Պետք է քաղաքական կամք ունենալ, գիծ քաշել, նոր կետից սկսել։ Սա պատմական լավ հնարավորություն է այս իշխանության համար։ Եթե կարողանան ճիշտ օգտվել, փառք իրենց, եթե ոչ, պատմության մեջ սև անունով կմնան, որպես հանրությանը պառակտող։ Ապրիլյան կռվի ժամանակ իշխանության հանդեպ կար բավական մեծ դժգոհություն, բայց վտանգը մեզ միավորեց։ Հուսամ, որ այսօր խզումն այնքան մեծ չի լինի հանրության մեջ, որ նման վիճակում թույլ չի տա համախմբվել մեկ դրոշի ներքո։

-Այսօրվա խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր ուժերը միասնականության ճանապարհո՞վ են գնում, թե՞ ամեն մեկն իրենն է քաշում։

-Միանշանակ չեմ կարող ասել, բայց, որպես ՀՅԴ ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ լինելով ծրագրային, հստակ ընդգծված ընդդիմություն իշխանություններին, վտանգի պահին միշտ կանգնած ենք պետության կողքին, անկախ հանգամանքից, թե ով է այդ օրվա իշխանությունը։ Որտեղ պետության անվտանգության, Արցախի խնդիրն է, մենք միանշանակ պետության կողքին ենք՝ անկախ քաղաքական տարբեր դիրքորոշումներից, տարակարծություններից։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

irates.am