կարևոր
1252 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 13:04
Հասարակություն

Տեղի է ունեցել Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված միջոցառում

Տեղի է ունեցել Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 9-ին Կոմիտասի անվան պանթեոնում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցան Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված հուշ-միջոցառումները։ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Տերյանի հետ» մշակութային օրը համախմբեց գրական ու մշակութային ոլորտի գործիչներին և պոետի արվեստի բազմաթիվ երկրպագուներին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՋԱՀ ներկայացուցիչներ, Տերյան ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ:

Տերյանի հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաները հանդես եկան ելույթներով։

Միջոցառումը շարունակվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ մշակութային ծրագրով։ Ելույթով ներկաներին ողջունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը՝ անդրադառնալով Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ծրագրին։ Վահան Տերյանի կյանքն ու գործունեությունը հանրահռչակելու և նրա ժառանգությունը սերունդներին ներկայացնելու նպատակով ՋԱՀ-ը 2020թ․ նախաձեռնեց վերականգնել բանաստեղծի տուն-թանգարանը, որը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում: 2021թ․ իրականացրեց ծրագրի առաջին փուլը և մեծ հանդիսությամբ բացեց վերականգնված ու արդիականացված ցուցասրահի դռները:

Այժմ ՋԱՀ-ը իրականացնում է տուն-թանգարանի 2-րդ փուլի վերականգնման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և նախատեսվում է այս տարվա ամռանը իրականացնել տուն-թանգարանի մեծ շուքով բացման արարողությունը։

ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը անդրադարձավ առաջիկայում նախատեսված աշխատանքներին, նշեց, որ ներկայումս հավաքագրում են արժեքավոր իրեր՝ թանգարանի հուշային հատվածի համար:

«Դիմում ենք ձեզ՝ միանալու մեր նախաձեռնությանը և աջակցելու թանգարանային առարկաների, ինչպես նաև գումարի հայթայթմանը», – նշեց նա, ընդգծելով, որ յուրաքանչյուր ներդրում մեծապես կնպաստի Տերյանի ժառանգության արժևորմանը և նրա արվեստը նորովի հանրահռչակելու գործին։

Մշակութային ծրագրի ընթացքում հանդես եկան երգիչներ Մավր Մկրտչյանը, Քերոբ Հովելյանը, Արմեն Տաշչյանը, «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը և ասմունքող Նարեկ Մարգարյանը։ Երևանի հմ. 91 դպրոցի աշակերտները հանդես եկան ասմունքով: