Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և նրա ավազակախմբերը Սիրիայի Աֆրին քաղաքի բռնազավթման առաջին իսկ օրից շարունակում են յուրացման, թալանի, բռնության և անմարդկային հարձակումները: Մինչ օրս հազարավոր ընտանիքների տներ և գույք յուրացրած թուրքական պետության ավազակախմբերը այս անգամ էլ խլել են Աֆրինում մնացած վերջին հայի` Հարութ Կիվորկի (Գևորգ) տունն ու ունեցվածքը. հաղորդում է anfturkce.com կայքը:
Հարութ Կիվորկի ընտանիքը Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր ընտանիքների հետ մեկտեղ արտագաղթել էր Աֆրին: 1915 թվականից ի վեր ապրելով Աֆրինում` նրա ընտանիքն ուներ մետաղական իրերի խանութ: Խլելով նրա ունեցվածքն ու տունը` թուրքերն այն դարձրել են մզկիթ և անվանել Ալ Ֆարուք:
Կայքը նշում է նաև, որ Կիվորկը ավազակախմբերի կատարած բռնություններից հետո Աֆրինից ստիպված փախել է Հալեպ:
Նշենք, որ անցյալ տարի Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունը ևս անդրադարձել էր Հարութ Կիվորկի կյանքին: Կիվորկը գործակալությանը տված հարցազրույցում նշել էր. «Մենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունից ենք աքսորվել այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել էինք Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ, ինձնից բացի, բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա միայն ես եմ մնացել: Հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել է, մեծ մասն էլ` զոհվել: Ինչպես Ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա թուրքերը սպանում են կանանց և երեխաներին: Անցել է 100 տարի, սակայն Թուրքիան դեռ շարունակում է իր հարձակումները»: