կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 19:11
Իրավական

Ինքնասպանություն գործած զինծառայողը մինչ այդ պարբերաբար ենթարկվել էր ծաղրուծանակի

Ինքնասպանություն գործած զինծառայողը մինչ այդ պարբերաբար ենթարկվել էր ծաղրուծանակի

Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ տուժածի եւ այլ զինծառայողների նկատմամբ բռնանալու, նրանց պարբերաբար վիրավորելու եւ ստորացնելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ զինծառայողը՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ճակատի հատվածում։

Նախաքննության վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն է. զինվորն ինքն է կրակել իր ճակատի շրջանին՝ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից։ Նրան փորձել էին անմիջապես տեղափոխել զինհոսպիտալ՝ բուժօգնության, սակայն ճանապարհին մահացել էր։

Քննության տվյալներով՝ դեպքին նախորդած ժամանակահատվածում զինծառայողը համածառայակցի՝ Գևորգ Պետրոսյանի, կողմից պարբերաբար ենթարկվել է ծաղրուծանակի, բռնության։

Բացի այդ՝ պարզվել է, որ վերջինս պարբերաբար նվաստացրել է ոչ միայն Հրաչին։ Ըստ մեղադրանքի, Գևորգ Պետրոսյանը այլ զինվորների հետ միասին ոտքերով և ձեռքերով ծեծի են ենթարկել պետ հանդիսացող Արմեն Գաբրիելյանին, ինչպես նաեւ երկու այլ զինծառայողների։

Նախաքննական մարմինը Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու դրվագ), 359-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 360-րդ հոդվածի 1-ին մասով: Զինծառայող Հայկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ եւ 2-րդ մասերով՝ երեք դրվագի համար, Արծրուն Ավագիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արայիկ Առուստամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ ուղարկվել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին։