Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կրտսեր սերժանտ Վ. Տեր-Վարդանյանը, շարքայիններ Ա.Կարապետյանի և Ս.Մելքոնյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում, 2015 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը, պարբերաբար ծաղրուծանակի են ենթարկել շարքային Ռ.Աբրահամյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որի հետևանքով նա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ինքնասպանության փորձ է կատարել: Մասնավորապես` ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ուղղությամբ՝ իր կրծքավանդակի ձախ շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:
Զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Տեր-Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով: Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով: Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 359-րդ հոդվածի-րդ 3 մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կատարված հանցագործությունների բոլոր փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: