Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ մեղքն այն է, որ ես Վարդուհուն ծանոթացրել եմ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ, որ ես հավատացել եմ Տիգրանին` որպես ընկերոջ, որպես մարդու, ով պետք է լիներ իմ երեխաների կնքահայրը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մարտի 7-ին Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանի քրոջ ամուսինը՝ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Վարդուհի Սարոյանը շաբաթներ առաջ դիմել էր Yerkir.am-ին և հայտնել, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն իր քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Վերջինս տևական ժամանակ է` Հայաստանում չէ:
«Ես Տիգրանի հետ դառը ճանապարհ եմ անցել, ես չէի պատկերացնում, որ նա կարող էր այդպիսի քայլ անել, որովհետև գոնե իր ազգանունից կամաչեր, բայց հետո հասկացա, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, նրա հորեղբայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այսօր բարոյականություն, հավասարություն ու հանդուրժողականություն է քարոզում, լավ կլիներ սկսեր նախ իր բարեկամներից: Նա կարող էր շատ հարցերում օգնել, չուզեց, չցանկացավ ինձ հետ հանդիպել, և ես այսօր նրան ևս համարում եմ մեղսակից»,- ասաց Տեր-Մարգարյանը և պատմեց Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ ծանոթության, ընդհանուր բիզնես գործունեության, Վարդուհի Սարոյանին բանկային գործարքների մեջ ներքաշելու մասին և ներկայացրեց գործի վերաբերյալ այլ մանրամասներ:
«Տիգրանի հետ ջերմ հարաբերություններ եմ ունեցել 2007-ից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ մուտք գործեց քաղաքականություն: Նախագահական ընտրություններից ամիսներ հետո Տիգրան Տեր-Պետրոսյանը, վերադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններից, բիզնես առաջարկ արեց ինձ: Հետո անհրաժեշտություն առաջացավ բիզնեսն ընդլայնելու, ինչը խոշոր գումարներ էր պահանջում»,- պատմեց նա:
Տեր-Մարգարյանի խոսքով՝ Տիգրան Տեր-Պետրոսյանն առաջարկել է իրեն գույք գրավադնել՝ նշելով, որ ինքն էլ իրենց գույքերն է գրավ դնելու, և ստացված ընդհանուր գումարը կներդնեն բիզնեսի մեջ: «Տիգրան Տեր-Պետրոսյանի առաջարկով գույքը գրավադրել ենք «ՆԱՇ» ՍՊԸ-ի անունով, որպեսզի վարկը ցածր տոկոսադրույքով հատկացնեն: Վարդուհին համաձայնեց, ինձ լիազորեց և գնաց Իսպանիա՝ եղբորս մոտ: Դրանից հետո` 6-7 ամիս, մենք անընդհատ Տիգրանին հարցնում էինք, թե ինչ եղավ այդ հարցը: Տիգրանն ասում էր, որ բանկը հաստատել է 600.000 դոլար, սակայն դա բավարար չէ: Հետո ամիսներ շարունակ Տիգրանը խուսափում էր ինձնից: Հետո կարողացա հանդիպել նրան: Վարդուհին ասաց, որ այլևս չի ցանկանում Տիգրանի հետ համագործակցել: Իմ ներկայությամբ Տիգրանը Վարդուհուն հավաստիացրեց, որ մի քանի օրից գույքը բանկից կհանի և սեփականության վկայականը կհանձնի մեզ: Ես էլ իմ հերթին ասացի՝ Տիկո', վերջ, էլ ոչ մի գործարք: Հետո որոշ ժամանակ անց Տիգրանն ասաց, որ վարկային փաթեթը «ՎՏԲ Հայաստան» բանկից տեղափոխելու է «Զարգացման հայկական բանկ», որից հետո գույքերը կհանի բանկից: Տեղափոխելուց հետո Տիգրանը խոստացավ մի քանի օրից հարցը լուծել, բայց այդ մի քանի օրը դարձավ ամիսներ: Այսինքն` այդ ընթացքում նա թե’ ինձ, թե’ Վարդուհուն էր խաբում:
2015-ի մարտին Տիգրանն ինձ զանգահարեց, հանդիպեցինք, հետո օրեր անց նա դարձյալ անհետացավ: Գնացի նրանց տուն, մայրն ասաց, որ Տիգրանը փախել է, բացի այդ` նա ուրիշներին էլ է փող պարտք: Դրանից հետո պարզեցինք, որ նա բանկից ոչ թե 100.000 դոլար, այլ 600.000 դոլար է վերցրել: Հետո Տիգրանի կինը՝ Մադլենան, առաջարկեց գույքերն առանձնացնել, իսկ հետագայում պարզվեց, որ այդպիսով իրենք իրենց գույքը փրկեցին, իսկ մերը մնաց»,- պատմեց Տեր-Մարգարյանը:
Նրա խոսքով՝ երբ արդեն պարզ էր, թե ինչ պատմության մեջ են ընկել, իրեն զանգահարել է կնոջ` ԱՄՆ-ում բնակվող քեռին՝ Հակոբ Հակոբյանը, և ասել, որ Տիգրանին կգտնեն, այդ գործերը կանեն: «Մի քանի օր անց քեռին զանգեց ինձ, ասաց որ 30.000 դոլար է պետք բանկի խնդիրները կարգավորելու և մի քիչ էլ գործը գլուխ բերող տղերքին մաղարիչ անելու համար: Այդ ժամանակ արդեն Վարդուհու հետ գժտված էինք, և նա ինձ ասաց, որ այդ գումարը տամ իրեն, որպեսզի այդ հարցը կարգավորի: Ես բնակարան վաճառեցի, Վարդուհու հետ ոսկի գրավադրեցինք և այդ 30000 դոլար գումարը տվեցինք, որպեսզի բանկային գործարքներն անեն: Հետո բանկից ասացին` մեկ գիշերվա մեջ պետք է գույքը փոխեն ուրիշի անունով: Վարդուհու քեռու առաջարկով Երևանի Բաղրամյան հասցեում գտնվող տարածքն անվանափոխվեց Վարդուհու քեռու տղայի՝ Հայկ Հակոբյանի անունով»,- պատմեց Տեր-Մարգարյանը:
Այնուհետև, նրա խոսքով, 10-15 օր հետո կնոջն է զանգահարել Հակոբը և ասել, որ գործ անող «լավ տղերքը» ևս 70.000 դոլար մաղարիչ են ուզում, և եթե չտան, դա իր վզին է մնալու:
«Ես էլ ասացի՝ ոնց ուզում եք տվեք, դուք այդ գումարի մասին մեզ ոչինչ չեք ասել: Հակոբն ասաց` դե որ էդպես է, ես Հայկին կասեմ, տարածքը կվաճառի և այդ 70.000 դոլարը կտա: Հետո Վարդուհին զանգահարեց Բոլյան Աշոտին, և այդ 70.000 դոլարի խնդիրը լուծվեց: Դրանից հետո Հայկ Հակոբյանն ասաց, որ ոչ մի լիազորագիր չի տա, Բաղրամյանի տարածքը ոչ մեկին չի տա: Այդ ժամանակ Բաղրամյանի տարածքը վարձակալությամբ էր տրված, վարձակալները երբ դուրս էին եկել, Հայկ Հակոբյանը լիազորագիր չտվեց, որ Վարդուհին այդ տարածքը դարձյալ վարձով տա և ստացված գումարով վարկերը փակի: Հայկն ասաց, որ եթե վարձով տալու լինի, ինքը վարձով կտա ու այդ գումարով կապրի: Հայկ Հակոբյանն ապրում է քոչվորի կյանքով, տարիներ շարունակ մենք ենք օգնել նրանց, դա բոլորը գիտեն»,- ասաց Տեր-Մարգարյանը:
Ըստ նրա` ներկայումս Վարդուհի Սարոյանի՝ Բաղրամյան պողոտայում գտնվող խանութը, բնակարանը և կնոջ՝ Քրիստինե Սարոյանի անունով ամառանոցը գրավադրված է բանկում: Տեր-Մարգարյանը նշեց, որ այս պատմության մեջ հիմնական մեղավորները Տիգրան Տեր-Պետրոսյանն ու Հայկ Հակոբյանն են: «Մենք Հայկին ասում էինք` գոնե տուր, տարածքը վարձով տանք, այդ գումարով փակենք վարկը, բայց նա չտվեց: Այդ ընթացքում ես բազմիցս փորձել եմ կապվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն նա մերժել է»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով քենու՝ Վարդուհի Սարոյանի կողմից նախքան ինքնասպան լինելն իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, Տեր-Մարգարյանն ասաց. «Մինչև 2016թ. օգոստոսը մենք Վարդուհու հետ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, սեպտեմբերին Վարդուհին 180 աստիճանով փոխվեց բոլորիս հանդեպ, նա պարզ հայտարարեց, որ հանդիպել է մյուս կողմից ինչ-որ մեկի հետ, ով ասել է, որ ես էլ եմ մեղսակից Տիգրանի հետ: Ես նրան ուղիղ պատասխանեցի, թե ես ինչեր եմ վաճառել, ինչեր եմ կորցրել, ինչպես կարող էի մեղսակից լինել, բայց Վարդուհին ասաց, որ պատրաստվում է դիմել իրավապահներին, որպեսզի քրեական գործ հարուցվի»:
Նշենք, որ ներկայումս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում է քննվում հիշյալ գործի վերաբերյալ քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) հարուցված: Այս գործով Տիգրոն Տեր-Մարգարյանը և կինը ներգրավված են որպես վկա:
Իսկ Սարոյանի ինքնասպանության դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնցի շրջանակներում քննության առարկա են դարձվում նաեւ մամուլի հրապարակումները կնոջ ինքնասպանության շարժառիթների վերաբերյալ:
Yerkir.am-ն ուշի ուշով հետևելու է հիշյալ գործերի ընթացքին և հետագա զարգացումների մասին տեղեկացնելու է ընթերցողին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ