կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 15:09
Իրավական

Մի քանի առարկաներ չեն դասավանդվել, բայց աշխատավարձ են ստացել. Գյումրու դպրոցի տնօրենի ձերբակալության մանրամասները

Մի քանի առարկաներ չեն դասավանդվել, բայց աշխատավարձ են ստացել. Գյումրու դպրոցի տնօրենի ձերբակալության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների կողմից դպրոցում իրականացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ չեն դասավանդվել ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները, սակայն ուսուցիչները, որոնց հատկացված են եղել այդ դասաժամերը, ստացել են աշխատավարձ:

Միևնույն ժամանակ տնօրենը հայտնել է, որ ինքը նախկինում այդ մասին որևէ տեղեկություն չի ունեցել, իսկ ուսումնական գծով տեղակալը, ում վրա դրված է ուսումնական գործընթացի վերահսկումն ու համապատասխան մատյանների վարումը, դրանցում կատարած գրառումներով հաստատել է վերոհիշյալ առարկաները դասավանդվելու փաստը:

Բացատրագիր է ներկայացրել նաև դպրոցի աշխատակիցը, համաձայն որի՝ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին 2016-2017 ուսումնական տարում գտնվել է արտերկրում և աշակերտներին տվյալ առարկան չի դասավանդվել, իսկ աշխատավարձի գումարները դուրս են գրվել դպրոցի ֆոնդից:

Փաստի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հաղորդում է ստացվել նաև Գյումրի քաղաքի բնակչուհուց այն մասին, որ «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում» որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի ընդունվելու նպատակով, նույն դպրոցի տնօրենի պահանջով և նրա հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում», տնօրենին փոխանցելու նպատակով, վերջինիս գործավարուհուն տվել է խոշոր չափ հանդիսացող՝ 960.920 ՀՀ դրամ:

Փաստի առթիվ 2019 թվականի մարտի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2019 թվականի մարտի 22-ին որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

2019թ. մարտի 26-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։