Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ շատ բուհերում ավելի շատ ՀՀԿ-ական անձինք կան, քան ՔՊ-ական կամ այլ կուսակցական պատկանելություն ունեցող. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բուհերն ապաքաղաքականացնելու մասին ելույթին և խոստանալով ապացուցել իր ասածը:
«Երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում էին, բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին, որ կրկին քաղաքականանում են խորհուրդները, բայց խնդրում եմ, որ բացեք բուհերի հոգաբարձուների խորհուրդները և ցույց տաք այնտեղ քաղաքականացումը: Ես ձեզ կարող եմ ապացուցել, որ շատ բուհերում ավելի շատ ՀՀԿ-ական անձինք կան, քան ՔՊ-ական կամ այլ կուսակցական պատկանելություն ունեցող անձինք: Այդ անձանց` բուհերում ներառելը պայմանավորված չի եղել նրանց կուսակցական պատկանելությամբ: Միակ սկզբունքը, որ հիմք է եղել այդ մարդկանց բուհերի խորհուրդների կազմում ներառելու համար, նրանց պրոֆեսիոնալիզմն է։ Չնայած, մեծ հաշվով, բուհերը պետք է լինեն քաղաքական: Նկատի ունեմ, որ բուհերը պետք է քննարկեն քաղաքական, հասարակական իրադարձությունները: Ժամանակին կենտկոմի ներկայացուցիչները վախով էին գալիս ԵՊՀ, որովհետև նրանց ենթարկում էին ամենասուր քննադատության: Դա պետք է լինի, ինչը քաղաքականացվածություն չի նշնակում»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը։
Խոսելով բուհերի խորհուրդների կազմերում ՔՊ-ականներ ընդգրկելու մասին՝ նա «փոքրիկ գաղտնիք» բացեց՝ ասելով, որ հաճախ կառավարության ներկայացուցիչները հրաժարվում էին բուհերի խորհուրդներում ներգրավվել, որովհետև նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը դա թույլ չէր տալիս: «Շատ դժվարությամբ էինք մարդկանց համոզում: Ինչո՞ւ էինք համոզում, որովհետև, ըստ գործող կարգի, 25 տոկոսը ներկայացնում է կառավարությունը, 25 տոկոսը` լիազոր մարմինները, 25 տոկոսը՝ բուհը և 25 տոկոսը՝ ուսանողները»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ «ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող մնալ իր պաշտոնում» հայտարարությանը՝ պատգամավորն ասաց, որ, իր կարծիքով, վարչապետի խոսքը մեկ բուհի չէր վերաբերում, այլ բուհական համակարգին` առհասարակ: «Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին, և դա պետք է ընկալեն նաև կրթական համակարգի մյուս խաղացողները, որ նախկինում եղած արատավոր պրակտիկան այլևս չկրկնվի, երբ կրթական համակարգը ծառայում էր մեկ կուսակցական շահի»,- ասաց Հովհաննիսյանը: