կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 22:39
Հասարակություն

Ոստիկանությունը սթափության կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին

Ոստիկանությունը սթափության կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:

Ոստիկանության լրատվական ծառայության՝ այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը:

ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետևել իրազեկմամբ նախանշված երթուղուն:ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:

 ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց:

Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները»: