կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-20 13:48
Հասարակություն

Ավշարի դպրոցում տեղի ունեցածն այն դեպքն է, ինչի դեմ մենք 30 տարի պայքարել ենք. Արմինե Դավթյան

 Ավշարի դպրոցում տեղի ունեցածն այն դեպքն է, ինչի դեմ մենք 30 տարի պայքարել ենք. Արմինե Դավթյան

Ավշարի դպրոցում տեղի ունեցածը, գլոբալ առումով, մասնավոր դեպք չէ, մասնավոր է միայն այն առումով, որ ուսուցիչներն իրենց պահանջատիրական խնդիրն են առաջ տանում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը` ներկայացնելով, որ կոմիտեն ուսուցիչների պահանջին միացել է Ավշարի դպրոցի արհմիության նախագահի խնդրանքով, որը նաև իրենց կոմիտեի անդամներից է:

«Տեղում ծանոթանալով խնդրին` կարող եմ ասել, որ սա այն դեպքն է, որի դեմ մենք 30 տարի պայքարել ենք կրթության համակարգում` ուսուցիչների նկատմամբ տնօրենների իրավախախտ, ինչ-որ առումով նաև ազատությունից զրկող վերաբերմունքի, կառավարման դիրեկտիվ մեթոդի, ավտորիտար ոճի, խնամի-ծանոթ-բարեկամով մասնագետներին փոխարինելու երևույթի դեմ: Ավշարում նոր տնօրենն ընտրվել է մարտի 1-ին` ձայների մեծամասնությամբ: Մեծ սիրով են ընտրել, քանի որ 4 ամիս աշխատել են առանց տնօրենի, ու կառավարող մարդու անհրաժեշտություն է եղել»,- ներկայացրեց Դավթյանը:

Ըստ նրա` կառավարման մշակույթի տեսանկյունից կոռեկտ չէ` հենց առաջին օրը մտնել դպրոց ու ազատման հրահանգ տալ մի կոլեկտիվի ներկայացուցչի, որի 38 աշխատակիցները տարիներ շարունակ իրար հետ աշխատել են հաշտ ու համերաշխ: «Դեռ չասած հանգամանքը, որ 4 ամիս առանց տնօրենի կարողացել են առանց որևէ միջադեպի անխախտ պահել ուսումնական գործընթացը: Նախ` պետք էր կոլեկտիվ միջավայր ստեղծել, ծանոթանալ ուսուցիչներին, ապա նոր որոշել` ինչպես առաջնորդվել»,- կարծիք հայտնեց Դավթյանը:

Նրա տեղեկություններով` ուսմասվարը հնազանդորեն համաձայնել է ազատման դիմում գրել, սակայն մյուս փոխտնօրենը զայրացել է, որ տնօրենն այդպես է վարվել հենց առաջին օրը: «Երբ դպրոցի կառավարման խորհրդի անդամ ուսուցիչներն այլայլված, հուզված դիմել են տնօրենին, թե` ինչո՞ւ եք գնում այս քայլին, նա չի ցանկացել լսել ու դուրս է հրավիրել խորհրդի անդամներին: Մամուլում տարատեսակ մեկնաբանություններ էին հնչում, թե Ավշարի դպրոցում պաշտոնակռիվ է, բայց ես հստակ կարող եմ ասել, որ պաշտոնակռիվ չէր կարող լինել, քանի որ դպրոցում տնօրեն ընտրվելու համար պահանջվող հավաստագիր ունեցող որևէ այլ մարդ չկա, որ կհավակներ այդ պաշտոնին: Անձնական մակարդակի հարց չէ սա, այլ ավելի շատ մասնագիտական ու մարդկային»,- ասաց Դավթյանն ու հստակեցրեց, որ դպրոցը որպես մենաշնորհ ընկալելու խնդիրը միայն Ավշարինը չէ, և այդ տրամաբանությամբ առաջնորդվող տնօրենը կարող է թիրախավորել ցանկացած ուսուցչի: