կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 12:24
Քաղաքական

Միայն ուժեղ, ազգային, հայամետ, պետական և ազգային շահերը պաշտպանող իշխանությունը կարող է ապահովել ՀՀ ազգային անվտանգությունը

Միայն ուժեղ, ազգային, հայամետ, պետական և ազգային շահերը պաշտպանող իշխանությունը կարող է ապահովել ՀՀ ազգային անվտանգությունը

Պետության ազգային քաղաքականության գերակա ուղղությունն ազգային անվտանգության ոլորտն է:

Ավանդաբար, որպես ազգային անվտանգություն ընկալվում է այն գործոնների ամբողջությունը, որոնք ապահովում են երկրի զարգացման բարենպաստ պայմանները, նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը եւ պահպանումը, անձի եւ պետության նորմալ հարաբերությունները, ցանկացած իրական եւ պոտենցիալ ներքին ու արտաքին սպառնալիքներին համարժեք արձագանքելու ունակությունը: Ազգային անվտանգության ապահովման արդյունավետությունից մեծապես կախված է պետության և նրա քաղաքացիների բարեկեցությունը։

Ազգային անվտանգության սպառնալիքը վտանգ է, որը որոշվում է ազգային շահերի բավարարմանը խոչընդոտող գործունեությամբ։ Մի կողմից՝ ազգային անվտանգության սպառնալիքն անքակտելիորեն կապված է այս կամ այն ազգային շահի հետ: Չկա ազգային շահ, չկա նաև սպառնալիք: Ազգային շահերի համակարգից դուրս սպառնալիքը պարզապես վտանգ է:

Մյուս կողմից՝ սպառնալիքը՝ որպես ազգային շահի նկատմամբ ոտնձգություն և վնաս հասցնելու մտադրություն, միշտ կապված է որևէ դիմակայող սոցիալական ուժի՝ իրենց շահերը հետապնդող կոնկրետ սուբյեկտների նպատակային գործունեության հետ, որոնք էլ հանդես են գալիս որպես սպառնալիքի աղբյուր։

Ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներն են՝

- ժողովրդագրական իրավիճակի եւ բնակչության առողջության վատթարացում, այդ թվում ՝ ծնելիության կտրուկ նվազում, մահացության բարձրացում,

- երկրի առողջապահության, կրթության և մտավոր ներուժի մակարդակի և որակի նվազեցում,

- սոցիալական և քաղաքական իրավիճակի սրում,

-օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, օտարերկրյա այլ կազմակերպությունների եւ առանձին անձանց հետախուզական-քայքայիչ գործունեությունը, որն ուղղված է ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն,

- օրինականության մակարդակի նվազեցում, այդ թվում ՝ հանցավորության աճ, ներառյալ՝ դրա կազմակերպված ձևերը,

- պետական մարմինների գործունեության կազմալուծումը, դրանց անխափան գործունեության խախտումը, երկրում կառավարելիության աստիճանի նվազեցումը,

 -պետության տնտեսական անվտանգությանը վնաս հասցնելը, այդ թվում ՝ ռազմավարական ռեսուրսների օգտագործումը ՝ ի հեճուկս երկրի շահերի,

- նորարարական զարգացմանը եւ ներդրումային ակտիվության աճին խոչընդոտելը,

-ֆինանսական համակարգի կայունության նվազեցումը,

-  երկրի պաշտպանունակության մակարդակի նվազեցումը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման սպառնալիք,

- միջազգային մակարդակով ազգային շահերին, Հայաստանի քաղաքական իմիջին եւ տնտեսական վարկանիշին վնաս հասցնելը,

- երկրի տեղեկատվական տարածքի, ինչպես նաև ազգային տեղեկատվական ռեսուրսների չարտոնված մուտքից պաշտպանության մակարդակի իջեցումը,

- էկոլոգիական իրավիճակի կտրուկ վատթարացումը

- հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգության կորուստը,

- տեղեկատվական ազդեցությունը հասարակության և անհատական գիտակցության վրա՝ կապված կանխամտածված աղավաղման և անճիշտ տեղեկատվության տարածման հետ` ի վնաս ազգային անվտանգության,

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովում՝ նշանակում է պետական եւ հասարակական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիների նպատակաուղղված գործունեություն անձի, հասարակության եւ պետության անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման եւ դրանց հակազդելու համար՝ որպես Հայաստանի ազգային շահերի պաշտպանության պարտադիր պայման: Այն դրսևորվում է երկրի քաղաքական ղեկավարության կողմից նպատակների սահմանման և երկրի ազգային շահերի պաշտպանության ու այդ նպատակներին հասնելու ձևերի, մեթոդների եւ միջոցների մշակման սկզբունքային խնդիրների սահմանման մեջ։

Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գլխավոր նպատակն անվտանգության բոլոր օբյեկտների կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանվածության անհրաժեշտ մակարդակի ստեղծումն ու պահպանումն է, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում անձի, հասարակության եւ պետության զարգացման համար եւ բացառում է Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի դերի եւ նշանակության թուլացման վտանգը, Հայաստանի ազգային շահերը իրագործելու պետության ունակության խարխլումը։

Ազգային անվտանգությունը պետք է դիտարկվի որպես երկրի համակարգային հատկություն, որը թույլ է տալիս նրան առաջընթաց զարգանալ ռիսկերի, անորոշությունների, մարտահրավերների և վտանգների գոյության պայմաններում:

Միայն ուժեղ, ազգային, հայամետ, պետական և ազգային շահերը պաշտպանող իշխանությունը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ