Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեական չէ և տարընթերցումների տեղիք կարող է տալ: Այս մասին լրագրողներին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Նրանք հստակ չեն նշում, թե որ կողմին նկատի ունեն, ուստի յուրաքանչյուրը կարող է իր ձևով մեկնաբանել այդ հայտարարությունը: Օրինակ՝ հայտարարությունը, որ կողմերից ոչ մեկ չպետք է բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջ ներկայացնի, ըստ ոմանց, ուղղված էր Հայաստանին` բանակցային գործընթացում Արցախի ներգրավմանը: Այլ մեկնաբանողներ կարող են նշել, թե դա ուղղված էր Ադրբեջանի հայտարարություններին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմը պետք է փոխել. նրանք նման տիպի հայտարարություններ անում են, մասնավորապես` այս տարի Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ ՄԽ-ի այս ձևաչափն իրեն չի արդարացնում, քանի որ օբյեկտիվ չեն: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ խնդիրն այն է, որ նշված չէ՝ որ հատվածը որ կողմին է ուղղված: Մյուսը՝ խոսվում է ագրեսիվ հռետորաբանության մասին, մենք առաջին հայացքից կարող ենք ենթադրել, որ ուղղված է Ադրբեջանին, քանի որ ագրեսիվ հռետորաբանություն ունի Ադրբեջանը, բայց ադրբեջանական կողմն էլ կարող նշել, թե ագրեսիվ է Հայաստանը՝ նկատի ունենալով ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, չնայած այդտեղ խոսքը կանխարգելիչ հարձակման մասին էր»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը որևէ հարց չի լուծում:
Ըստ ադրբեջանագետի՝ հայտարարության մեջ խոսվում է հավասարակշռված լուծման մասին, որ պետք է շահի երկու կողմը, և որ քայլերը պետք է իրականացվեն մեկ ընդհանուր փաթեթով: «Բայց մենք հասկանում ենք, որ դրանք չեն կարող միաժամանակ իրականացվել, այլ՝ փուլային: Մադրիդյան սկզբունքներում նշվում է «գրավյալ տարածքների վերադարձ», հանրաքվեի և ԼՂ-ի կարգավիճակի խնդիր: Տեսականորեն պատկերացնենք, որ սկսում ենք այդ սկզբունքների հիման վրա լուծել խնդիրը, ո՞ր քայլից պիտի սկսենք: Եթե սկսում ենք «գրավյալ տարածքների» հանձնումից, ապա ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը չեն համաձայնի, քանի որ ցանկացած տարածքի հանձնում ենթադրում է Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգի ավելացում, և որևէ երաշխիք չկա, որ դրանից հետո նրանց նշած խաղաղապահների տեղակայումը կպահպանի անվտանգությունը: Մենք միջազգային պրակտիկայում տեսել ենք, որ խաղաղապահների տեղակայումը ռազմական լուրջ բախման դեպքում որևէ բան չի փոխում, ինչի մասին վկայում են իսրայելա-պաղեստինյան կամ իսրայելա-արաբական հակամարտությունները. երբ հարձակվում էին, խաղաղապահները հետ էին քաշվում և թողնում, որ գործողություններն իրականացվեն: Այսինքն՝ սկսել նման կետից` նշանակում է վտանգի տակ դնել մեր բնակչության անվտանգությունը: Եթե Արցախի կարգավիճակի սահմանումից սկսենք, դրան էլ Ադրբեջանը չի համաձայնի: Այս դեպքում փաստացի հանգում ենք մի իրավիճակի, երբ ԼՂ-ի հիմնախնդիրը չունի մեկ լուծում, մեկ միասնական լուծում, որի դեպքում կարող են շահել երկու կողմը: Ըստ այդմ՝ այսօրվա դրությամբ, այս ֆորմատով բանակցությունները իրավիճակային լուծում են, այն է՝ նվազեցնել ռազմական գործողությունների հավանականությունը, բայց հարցի հիմնական լուծմանը ՄԽ-ն չի կարող նպաստել, քանի դեռ չի փոխվել հատկապես ադրբեջանական քաղաքականությունը»,- շեշտեց ադրբեջանագետը:
Վերադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը՝ Տարոն Հովհաննիսյանը խնդրահարույց համարեց «շահագրգիռ կողմեր» արտահայտությունը: «Պետականորեն հավասարեցվում են ընտրված իշխանությունները և ինչ-որ հասարակական կազմակերպություն, որը գործում է Ադրբեջանի տարածքում. այնտեղի քաղաքացիներ են անդամները, որոնք իրենց համարում են ԼՂ-ի ադրբեջանական համայնք: 1992-ի մարտի 24-ին Հելսինկիի լրացուցիչ հանդիպման ժամանակ, երբ որոշվում էր, թե որ կողմերը պետք է հրավիրվեն բանակցություններին, հստակ ասվում էր՝ «ընտրված իշխանություններ և այլ շահագրգիռ կողմեր»: Ընտրված իշխանությունները ԼՂՀ-ի ընտրված իշխանություններն էին, կարգավիճակով նրանք նույնը չէին և չեն էլ կարող լինել, ինչ Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպությունը: ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ նրանք ընտրում են իրենց նախագահին՝ Ալիևին, իսկ ԼՂՀ-ի բնակչությունը չի ընտրում ՀՀ ղեկավարին, ուստի չի կարող ընտրված իշխանություններին՝ անգամ չճանաչված, հավասար լինի հասարակական կազմակերպությունը, որն առանձին սուբյեկտ չէ:
Ինչ վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ապա առաջին հերթին վերջին սկզբունքի հետ կապված հարցերը պետք է լուծել: Եթե ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու խնդիրը չի լուծվում, ապա, առհասարակ, խնդրի լուծման մասին խոսելը կամ այդ գործում առաջընթաց գրանցելն անիրատեսական է: Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, ուժի սպառնալիքի կիրառում է, իսկ 2016-ի ապրիլի դեպքերն անմիջապես ուժի կիրառում էին»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը: