կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 13:50
Քաղաքական

Բանակը չի կարող լինել առուծախի, ժողովրդավարությունն առաջ տանելու, զինվորի ձայնը բարձրացնելու տեղ. ադրբեջանագետ

Բանակը չի կարող լինել առուծախի, ժողովրդավարությունն առաջ տանելու, զինվորի ձայնը բարձրացնելու տեղ. ադրբեջանագետ

Բանակը չի կարող լինել առուծախի, ժողովրդավարությունն առաջ տանելու, զինվորի ձայնը բարձրացնելու տեղ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը, որից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա` Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, այնուհետև տարել են առաջնագիծ: 

«Բանակում պետք է լինի հստակ կարգուկանոն, սուբորդինացիա՝ ըստ աստիճանակարգերի, և շարքային զինծառայողները պետք է ենթարկվեն իրենցից բարձր կոչում և դիրք ունեցող անձանց՝ սերժանտներ, սպաներ, նրանք էլ` իրենց վերադասին: Ես բողոքներ եմ լսում ծնողներից, թե ինչու են տեղափոխում Արցախ, նախ՝ Արցախը պատժի ուղարկելու տեղ չէ, նույնպիսի սահման է, ինչպիսին ՀՀ  ԶՈւ-ի կողմից պահվող սահմանը, այնտեղ ծառայում են հայ զինվորները, եզդիները, մեր քաղաքացիները, և ոչ ոք մյուսից լավը չէ: Պետք է հստակ ամրագրվի՝ բանակում պիտի լինի կարգ և կանոն, և ոչ ոք դրսից՝ թեկուզ լինի ծնող, չի կարող խառնվել այդ ներքին գործընթացներին և փորձել լարել իրավիճակը: Եթե իրականացրել են կարգի խախտում, ապա այդ զինծառայողները պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվեն: Նրանք բանակի զինծառայողներ են, երբ մտնում են բանակ, ենթարկվում են այդ կարգուկանոնին: Իրավիճակը պետք է կարգավորվի այդ տրամաբանությամբ, հակառակ դեպքում՝ մեր հակառակորդին դրական ազդակներ ենք տալիս, որ կարգուկանոնի խախտում կա: Եվ այստեղ իրավիճակի տերը պաշտպանության նախարարությունն է, և ոչ մի այլ կառույց, հասարակական կազմակերպություն, ծնող իրավունք չունեն խառնվելու այս գործընթացին, այլապես սա շատ վատ նախադեպ կարող է լինել: Բոլոր երկրների բանակներում ՊՆ-ն է որոշում՝ ինչ պետք է անի կարգազանց զինծառայողների հետ, ինչպես պետք է հետաքննությունը վարվի, ինչ միջոցառումներ պետք է արվեն: Կրկնում եմ՝ ՊՆ-ն և ԳՇ-ն են որոշում, թե զինծառայողները որ մասում պիտի ծառայեն: Ի վերջո, վիճակահանությունը դեռ չի նշանակում, որ մեկը մինչև վերջ պետք է այդտեղ ծառայի. ըստ անհրաժեշտության` ցանկացած զինծառայող կարող է տեղափոխվել մեկ այլ վայր»,- ամփոփեց Հովհաննիսյանը:

Հավելենք, որ Մեղրիի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գորիսի դատախազ Սերգեյ Խաչատրյանի կողմից հարուցվել է  երկու քրեական գործ: Մեկ գործ  հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը` ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասաց նա:

Քրեական գործերը հարուցվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և իշխանությունը չարաշահելու հատկանիշներով: