կարևոր
2389 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 15:17
Հասարակություն

Մարտակերտում ոչնչացրել են 44-օրյա պատերազմի մասնակիցների հուշարձանը, որպեսզի ցույց տան՝ ինչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ. ադրբեջանագետ

Մարտակերտում ոչնչացրել են 44-օրյա պատերազմի մասնակիցների հուշարձանը, որպեսզի ցույց տան՝ ինչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ. ադրբեջանագետ

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները օկուպացված Մարտակերտում ոչնչացրել են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Հարութ Բաբայանի ու Գարիկ Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Ընդ որում, դրա մասին ադրբեջանական տելեգրամ ալիքները շատ հպարտորեն գրել էին՝ ներկայացնելով որպես «ահաբեկիչների» հուշարձանի քանդում։

Ես վստահ եմ, որ նրանք հատուկ են հանրայնացրել այս տեղեկատվությունը նաև արձագանքներ ստուգելու համար, եթե իրենց տրամաբանությամբ պատերազմի մասնակիցները «ահաբեկիչներ» են, ապա ի՞նչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ, որտեղ թաղված են առաջին և երկրորդ պատերազմի, նաև ապրիլյան պատերազմի հերոսները։

Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը պետք է խիստ արձագանք ստանա ու որոշ կանխարգելիչ քայլերի արժանանա, պետք է աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ ու թույլ չտալ Ադրբեջանի հանցավոր քայլերի շարունակականությունը, դա հնարավոր է անել չլռելով ու աշխատելով։ Խոսքը մեր հերոսների, մեր կռվի, դրա արժեքի ու խորհրդանիշների մասին է։ Ընդ որում, այդ կռիվը մեզ պարտադրել են՝ մեզ վրա հարձակվելով ու փորձելով ցեղասպանության ենթարկել, ափսոս, որ դա հիմա «մոռացվել է»՝ մատուցվող քարոզչական աղբի պատճառով։

ՀՀ ԱԳՆ-ն լուրջ անելիք ունի այս հարցում, թեև միամտություն է նաև կարծել, թե նրանք որևէ քայլ կանեն․․․ուրախ կլինեմ սխալվել»։