կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 15:06
Քաղաքական

Հայաստանը պետք է զարգացնի Ռուսաստանին այլընտրանք կողմեր

Հայաստանը պետք է զարգացնի Ռուսաստանին այլընտրանք կողմեր

Ռուսաստանից Ադրբեջանին զենքի խմբաքանակ վաճառելու փաստի առնչությամբ հայկական կողմն առաջինը պաշտոնական հստակ դիրքորոշում պետք է արտահայտի. լրագրողներին այսօր ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

 

Հաջորդիվ Հայաստանը պետք է հետեւողականորեն զարգացնի Ռուսաստանին այլընտրանք ուղղությունները:

 

«Շատ երկրներում, օրինակ, օրենքով է սահմանված, որ էներգակիրների հոսքերը մեկ երկրից չի կարող լինել: Այսօր մեր վիճակն ավելի վատ է, քան եթե մենք լինեինք Ռուսաստանի մաս, քանի որ Ռուսաստանն ունի իրավունքներ` առանց որեւէ պարտավորության: Սա հստակ է, որ մենք մեր հակակշիռները պետք է ստեղծենք»,- ասաց Արա Պապյանը` ավելացնելով, թե փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը զինում է մեր թշնամուն:

 

 

Ըստ Պապյանի` այնպես չէ, որ Ռուսաստանը ձգտում է լուծարել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը, քանի որ ինչքան մեզ է պետք Ռուսաստանը, մի քանի անգամ ավելի շատ Ռուսաստանին են պետք այս ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

 

«Ինչպե՞ս եղավ, որ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիան մեկ էլ ոտքի կանգնեց` բոլշեւիկները քեմալականներին զենք տվեցին, նրանք եկան մեր դեմ, ու մենք կանգնեցինք երկընտրանքի առջեւ` թուրքական յաթաղա՞ն, թե՞ ռուսական «սապոգ»: Ու մենք ընտրեցինք «սապոգը»: Հիմա էլ են իրենք նույն ընտրության առջեւ կանգնեցնում: Սա արդեն դաշնակցաին քաղաքականություն չէ, այլ նեոգաղութատիրական քաղաքականություն: Մեզ թող ասեն, որ այլեւս դաշնակիցներ չենք, ու մենք կիմանանք, թե ինչ ենք անելու»,- ասաց Արա Պապյանը:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլերին, ապա բանախոսը նշեց, որ հայ հասարակությունը պետք է իր վրդովմունքը հայտնի ռուս-ադրբեջանական ռազմական գործարքի կապակցությամբ:

 

«Եթե ես մի հարեւանիս հետ թշնամի եմ, մյուս հարեւանս ինձ ասում է, թե ինձ հետ է, բայց կացին է վաճառում թշնամի հարեւանիս, ես դա կարո՞ղ եմ նորմալ ընդունել ու ասել, թե` դե լավ` ինձ էլ փայտ է տվել, ես փայտով կացնի դեմ մի բան կանեմ: Չի ստացվում. Այսինքն` կենցաղային մակարդակում նման արարքը քննադատելի է, ինչո՞ւ պետք է այն քննադատելի չլինի դիվանագիտական մակարդակում»,- օրինակ բերեց բանախոսը` նշելով, թե պետք չէ հայերի համբերության հետ խաղալ, քանի որ, միունույն է, ռազմական առումով էլի մենք կհաղթենք, ուղղակի զոհերի թիվն է մեծ լինելու: