Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կառուցվածքի փոփոխությունը լուրջ հարցեր է առաջացնում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի մոտ՝ ինչո՞ւ 12 նախարարություն և ոչ` 11 կամ 14: Մյուս կողմից պարզ է՝ վարչապետը դեկտեմբերին հայտարարեց, որ պիտի լինի 12 նախարարություն, և այդպես եղավ:
«Այս երեք ամսվա ընթացքում բազմաթիվ փորձագետներ ներկայացրեցին իրենց տեսակետները, որ դա ճիշտ չէ, բայց իշխող քաղաքական ուժը դա հաշվի չառավ: Հարց է ծագում՝ եթե հաշվի չէր առնելու, ինչո՞ւ այդ հարցն այդքան ձգեցին և դեկտեմբերին չգնացին կառավարության կառուցվածքային փոփոխության: Որոշել են, որ պիտի լինի 12 նախարարություն, և հիմա կառավարության որոշումը փորձում են հարմարեցնել ավելի վաղ կայացրած որոշմանը, որպեսզի հետո նոր ներսում ինչ-որ փոփոխություններ անեն»,- ընդգծեց Բադալյանը:
Անդրադառնալով կառավարության կառուցվածքային բուն պատկերին և տրամաբանությանը՝ փորձագետը մանրամասն վերլուծություն արեց՝ ցույց տալով արված միավորումների անտրամաբանական լինելը:
«Ինչո՞ւ գյուղնախարարությունը միացվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ու դրանք դարձան էկոնոմիկայի նախարարություն: Ինչո՞ւ գյուղնախարարությունը վերացվեց, բայց ստեղծվեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, ինչո՞ւ: Սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտը մեծ տոկոս ունի, իսկ բարձր տեխնոլոգիաներ, կարելի ասել, որ չունենք, կամ կան հատուկենտ ձեռնարկություններ: Կամ ինչո՞ւ է ռազմական արդյունաբերությունը կոնկրետ շեշտվում, երկրորդ՝ ինչո՞ւ կա բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն և չկա թեթև արդյունաբերության, չէ՞ որ սա ճյուղային է: Գյուղնախարարությունը միավորվեց տնտեսական ներդրումների նախարարությանը, այն դեպքում, երբ գյուղատնտեսության նախարարությունը ճյուղային էր, իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն իրենից ֆունկցիա, գործառույթ էր ներկայացնում: Եթե նախարարություն են կոչվում, չի նշանակում, որ նույնն են, դրանք իրարից 180 աստիճան տարբեր փիլիսոփայություն ունեն, ուստի ո՞րն է դրանք միավորելու տրամաբանությունը: Վերադառնալով ռազմական արդյունաբերությանը` ՌԴ-ն բավական ուժեղ ռազմական արդյունաբերություն ունի, բայց ռազմարդյունաբերության նախարարություն չունի, այդ գործառույթներն ուրիշ կառույցներ են իրականացնում, ուրիշ ձևեր կան: Ի՞նչն էր Հայաստանին ստիպում ունենալ ռազմական արդյունաբերության նախարարություն, երբ պիտի արտադրես անօդաչու սարք և մի քանի ուրիշ սարքեր, ո՛չ տանկ ես արտադրելու, ո՛չ ռազմական ուղղաթիռ: Երկրորդ՝ ինչու ԱԻՆ-ը մնաց, բայց գյուղնախարարությունը վերացվեց, երբ ԱԻՆ-ը ծառայություն մատուցող կառույց է, իսկ նախարարությունը, ըստ էության, ունի քաղաքականություն մշակելու գործառույթներ: Արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց միայն այն բանի համար, որ նախարարն անցյալ տարի մայիսին ճիշտ քվեարկություն կատարեց: Կամ` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախ` զուտ անվան մասով՝ պատմության դասագրքերից գիտենք, որ կրթությունն ու գիտությունն են մշակույթի մաս կազմում, այսինքն՝ մշակույթի, կրթության, գիտության և սպորտի պիտի լինի: Մշակույթ բաժնի մեջ բոլորս կրթություն ենք սովորել, գոնե այդ տարրական բանը կարելի էր անել, որը չարվեց: Ինչո՞ւ պիտի սպորտը համակարգող կառույց լինի, երբ կա ՀԱՕԿ, լավ չէ՞ր լինի սպորտի որոշ գործառույթներ տալ ՀԱՕԿ-ին, որոշներն էլ` ՏԻՄ-ին, ու դրանով ավարտվեր»,- նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության վերացմանը և դրա փոխարեն եռաստիճան համակարգի ստեղծմանը՝ Արմեն Բադալյանը նշեց, որ գոյություն չունի Հայաստան-Սփյուռք հայեցակարգ: «Քննարկվե՞ց, թե Սփյուռքը Հայաստանին ինչու է պետք: Օրինակ` Խորհրդային միությունը խիստ գնահատում էր Սփյուռքի դերը և դրա համար հատուկ մարմին էր ստեղծել՝ սփյուռքահայության մշակութային կապերի կոմիտե, մանրակրկիտ աշխատում էին ամեն մի համայնքի հետ: Իսկ մեզ մոտ վերացվեց Սփյուռքի նախարարությունը, որոշվեց ունենալ հանձնակատար, որը աշխատակազմ է ունենալու: Գիտե՞ք, թե ինչ բարդ հասկացություն է Սփյուռքը, դա տարբեր երկրներում ապրող հայեր չեն. ԱՄՆ-ի հայ համայնքը տարբերվում է ՌԴ-ի հայ համայնքից, ՌԴ-ի հայ համայնքը 180 աստիճանով տարբերվում է Լիբանանի հայ համայնքից, սա իր հերթին` Չիլիի հայ համայնքից: Ավելին` նույնիսկ Լիբանանում ապրող հայերն են իրարից տարբեր, քանի որ կան հայախոսներ, արաբախոսներ: Առհասարակ, Սփյուռքում կան առաքելականներ, հայ կաթոլիկներ: Անգամ մի մասն ասում է՝ գաղութ ենք, մի մասը, թե` Սփյուռք ենք: Սրանք մենթալիտետով, հոգեբանությամբ տարբեր համայնքներ են, բայց սա իշխանությունը հաշվի չառավ և վերացրեց նախարարությունը: Եվ բացասական ընկալվեց Սփյուռքում նախարարության վերացումը: Շատերն անգամ ասում են՝ եթե իմանայինք, որ փակելու էին, «Հայաստան» հիմնադրամին փող չէինք փոխանցի»,- նշեց Բադալյանը:
Ուժային կառույցներին անդրադառնալով` փորձագետը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ ոստիկանությունը մնաց վարչապետի ենթակայության տակ: «Նա նշում էր, որ ինքն ավտորիտար բռնապետություն չի ստեղծի: Եթե հավատանք, որ ինքը չի ստեղծի, բա իրենից հետո՞: Պետական կառավարմանը չպետք է նայես քո սեփական ժամանակահատվածով, այլ` 5, 10 տարի առաջ: Եթե ասենք մի բան եղավ և վարչապետ ուրիշ մարդ դարձավ, պիտի ասի՝ ես հո չեմ ասել, որ ոստիկանությունը չեմ օգտագործելու: Իսկ տարածքային կառավարման և էներգետիկայի նախարարությունը. տարածքային կառավարումը դարձյալ ֆունկցիա է, իսկ էներգետիկան՝ ոլորտ: Հիմա ի՞նչ կապ ունեն իրար հետ Շիրակի մարզպետարանը և Մեծամորի ատոմակայանը, ո՞նց ենք իրար հետ կապում դրանք, գոնե էներգետիկան էկոնոմիկայի հետ միավորեին: Այսինքն՝ կառավարության կառուցվածքն օպտիմալացնում են միայն նրա համար, որ փող չկա, ու 10.000 մարդու պիտի կրճատեն»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ պահպանվեց սուպերվարչապետության ինստիտուտը: