կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 16:38
Քաղաքական

Հայտնի է կառավարության կառուցվածքի նախնական տարբերակը

Հայտնի է կառավարության կառուցվածքի նախնական տարբերակը

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակ կա, որը դրվել է ներքին շրջանառության մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող նախագծի տարբերակին, որի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և 12 նախարարից, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է:

«Գերատեսչությունների հետ քննարկելուց հետո միայն կարելի կլինի խոսել նախագծի առաջին տարբերակի մասին: Հիմա կա տարբերակ, որը դրված է ներքին շրջանառության մեջ»,- ասաց Արման Եղոյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տարբերակ, որի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,

առողջապահության նախարարություն,

արդարադատության նախարարություն,

արտակարգ իրավիճակների նախարարություն,

արտաքին գործերի նախարարություն,

բնապահպանության նախարարություն,

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն,

պաշտպանության նախարարություն,

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն,

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն,

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն,

ֆինանսների նախարարություն: