կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 13:24
Քաղաքական

Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դրանից 2 կոճակ պոկել և ասում եք՝ լավ կոստյում է. Մարուքյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին

Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դրանից 2 կոճակ պոկել և ասում եք՝ լավ կոստյում է. Մարուքյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի մասին օրինագծի վերաբերյալ առաջարկություններ է արել, որոնք ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովը մերժել է: Մինչդեռ ԱԺ-ում իր ելույթում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ եղած բոլոր արատավոր երևույթները պահպանվել են կառավարության ներկայացրած օրինագծով:

«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում», սա հայտնի փաստ է, ասվել է, որ սուպերվարչապետական համակարգ է: Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետևյալը՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ թևի այս երկու կոճակն ենք հանել ու այս կոստյումն արդեն մենք ենք հագնում, ու վերջ, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ: Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով: Վարչապետն այս ամբիոնից ասել էր, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, այսինքն՝ մտնելու են կառավարության կառուցվածքի մեջ»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ կառավարության կառուցվածքի իրենց տարբերակով պետք է ստեղծվեն ներքին գործերի նախարարություն, որին պիտի միանա ԱԻՆ-ը, ազգային անվտանգության նախարարություն, պետք է պահպանվեն մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները, նախատեսված է նաև իրավական հարցերի նախարարություն:

«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է: Կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք, թե բան եք փոխել: Այդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ԱԱԾ պետը, ոստիկանության պետը, ՊԵԿ-ի պետը: Չկա միջանկյալ քաղաքական օղակ, որը պատասխանատվություն կկրի նշված մարմինների համար»,- պնդեց պատգամավորը:

Ասելիքն ավելի պատկերավոր դարձնելու համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր հետ  պաստառներ էր բերել, որոնցով բացատրում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ կառավարության ներկայացրած նախագիծը սխալ է:

«Սա ձեր ներկայացրած համակարգն է. դուք առաջարկում եք 12 նախարարություն և երկու փոխվարչապետ: Մենք առաջարկել ենք երեք փոխվարչապետ, 14 նախարարություն: Այս հատվածը, որ մի շարք նախարարություններից ավելին արժե, մնացել է խորհրդարանական վերահսկողությունից դուրս: Այս համակարգը քաոս է,  խայտառակ համակարգ է: Սա չի երկարելու, դուք հետ եք գալու` սա փոխելու, բայց ուշ է լինելու»,- շեշտեց Մարուքյանը և ցույց տվեց հաջորդ պաստառը, որում պատկերված էր իրենց առաջարկած` հասկանալի և խորհրդարանական կառավարման երկրին հարիր համակարգը` 3 փոխվարչապետով:

«Այսինքն՝ մենք մեկ փոխվարչապետին առաջարկում ենք պահել որպես Սփյուռքի և հայրենադարձության  հարցերով զբաղվող` բարձր մակարդակ ենք ապահովում, իսկ նախարարությունների թիվը դառնում է 14: Մենք ռեկորդ չենք ուզեցել խփել` ինչքան հնարավոր է շատ կրճատել: Պահպանում ենք մշակույթի նախարարությունը, որովհետև հայ ազգը մշակութային պատերազմի մեջ է: Պահպանում ենք գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև մենք ինստիտուցիոնալ զարգացած պետություն չունենք, որ գյուղացիական տնտեսությունները զարգանան առանց գյուղնախարարության աջակցության, որը ՀՆԱ-ի 16 տոկոսն է ապահովում: Իսկ դուք համարում եք, որ ՀՆԱ-ի 16 տոկոսն ապահովող նախարարությունը մեզ պետք չէ: Սուպերնախարարություն ստեղծենք, մի մարդու վրա բարդենք ամեն ինչ, որ էդ մարդը գլուխ չհանի, մի վեց տեղակալ ունենա և չհասկանա, թե ինչ է անում»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ քննչական մարմինը պիտի դուրս գա ԱԱԾ-ից, այսինքն՝ իրենց առաջարկած նախարարության մեջ չի լինելու քննչական մարմին, այն պետք է տեղափոխվի քննչական կոմիտե:  Նույնը վերաբերում է ՊԵԿ քննչական դեպարտամենտին։

«Այն ժամանակ ԱԱԾ-ի պետը, ՊԵԿ-ի պետը գնացել են Սերժ Սարգսյանի մոտ և պահել են քննչական մարմինները: Կոնկրետ ՊԵԿ-ի պարագայում հարկատուն հարկը չի վճարել կամ սխալմունք է եղել, քրեական գործ են հարուցել հարկերից չարամտորեն խուսափելու համար: Չի վճարում, կալանավորում են, ասում են՝ դե նստի, մինչև փողերը չբերես, բաց չենք թողնի: Դա դարձել է հարկահավաքման միջոց: Հիմա Հայաստանում հեղափոխություն է եղել, հեղափոխության արդյունքում այդ արատավոր համակարգերը պետք է վերանայվեն, դառնան ժողովրդավարական, պետք է դրանք լինեն հաշվետու ՀՀ քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիներին կարող են լինել հաշվետու խորհրդարանի միջոցով, ինչն էլ առաջարկում է ԼՀԿ-ն: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում, և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից արդեն մեկ տարի անց դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը,  ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնելը: Այդ պատասխաններն ենք մենք ակնկալում լսել այս քննարկման արդյունքում»,- ամփոփեց Մարուքյանը: