Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մշակույթի նախարարության սևագիրը, որը վերաբերում էր ՊՈԱԿ-ների օպտիմալացմանը և նախարարությունից անհայտ տարբերակով արտահոսքի հետևանքով լրատվամիջոցների, մշակութային գործիչների դիտակետում էր հայտնվել, ըստ նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի, կյանքի չի կոչվի այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը համալիր, բոլոր կողմերից չի ուսումնասիրվել, ու այլընտրանք չեն գտել դրանց միավորման հետևանքով աշխատանքից զրկվող անձանց համար: «Չենք բռնելու ու հնձենք»,- լրագրողներին վստահեցրեց նա, բայցև հավելեց` այս պահին հստակ վերլուծություն չունեն` ՊՈԱԿ-ների հնարավոր միավորումներից հետո քանի մարդ գործազուրկ կդառնա: Ավելին` հուսով է, որ կրճատումներ չեն լինի:
Yerkir.am-ի ճշտող հարցին` այսինքն` միավորվող ՊՈԱԿ-ներում, օրինակ, երկուական հաշվապա՞հ է լինելու, նախարարի պաշտոնակատարը կարճ պատասխանեց` դե ոչ:
Ի դեպ, նախարարության մշակած, լրատվամիջոցների գաղտնազերծած, Նազենի Ղարիբյանի բնորոշմամբ, սևագրի թե՛ բովանդակության, թե՛ սպրդելու մասով նախարարությունը մեղավորության բաժին գրեթե չունի: Սա, իհարկե, ոչ թե մեր, այլ մշակութային ոլորտի գլխավոր պատասխանատուի կարծիքն է: Yerkir.am-ի հարցին, թե այս ամբողջ պատմության մեջ նախարարությունն ունի՞ մեղավորության իր բաժինը, նա այսպես պատասխանեց. «Փաստաթղթի թերիություն չի կարող լինել, որովհետև դա ընդամենը սևագիր աշխատանքային թուղթ է: Այո, այն կարող է թերի լինել, ինչպես ձեր հոդվածը, երբ դուք ինչ-որ մի բան գրում եք, բառերը հետուառաջ եք տանում, այն խմբագրվում է և այլն: Իսկ արտահոսքի մասով ասեմ` այդ տեղեկանքը մեր ներքին փաստաթղթաշրջանառության թուղթ է: Իմ գործատուն հանձնարարել է, կատարել եմ, ու ուղարկել ենք: Այս պահին դա որևէ մեկին չի վերաբերում, բացի մեզնից: Հիմա այդ թուղթը հայտնվել է դրսում, նախարարության մեղավորությունը կա՞, հավանաբար: Բայց այս պահին ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, որովհետև այդ թուղթն անցել է 20-ից ավելի աշխատողների շրջանառության միջոցով, ինչը նշանակում է, որ ես պետք է բոլորին կասկածեմ, իսկ ես այդպես չեմ կարող աշխատել»:
Նազենի Ղարիբյանի ասած սևագիրը, որն ուղարկվել է գործադիր` վարչապետին, ըստ մեր ունեցած տեղեկության, թերի ու սևագիր ձևով վարչապետի սեղանին չի դրվում: Ինչպե՞ս է պատկերացնում տիկին նախարարը` իր վերադասը սևագի՞ր պետք է կարդա: Բացի այդ` եթե այն անցել է ավելի քան 20 մարդու ձեռքի տակով, և նրանք էլ իրենց հերթին են ուղղումներ կամ դիտարկումներ արել այդ թղթի վրա, ապա, գոնե ներքին էթիկայից ելնելով, ինչպե՞ս են կառավարությանը մի թուղթ ներկայացրել, որի անունը սևագրություն է: Կարծում ենք` ամեն դեպքում ինչ-որ մի բան այն չէ. կա՛մ կառավարությունում միմյանց հետ սևագրերով են շփվում, կա՛մ այդ փաստաթուղթը բնավ էլ սևագրություն չի եղել: Իսկ եթե, իրավամբ, մեր նախարարությունները սևագրեր են ուղարկում վերադասին, այնտեղ էլ մեծագույն արհեստավարժությամբ կարողանում են գլուխ հանել այդ գրությունից, ուրեմն, իրոք, ունիկալ են: Ունիկալ` ոչ թե սևագիր վերծանելու, այլ դրանք, առանց նայելու, ի գիտություն ընդունելու:
Ի դեպ, քաղաքապետարանի Բուզանդի 1/3 շենքի մասով ընդունած որոշումը նույնպես փնթի գործելաճի արդյունք էր:
Yerkir.am-ի մյուս հարցին, թե ինչպե՞ս հասկանալ վարչապետի` «ՊՈԱԿ-իզմից» ու «ԾԻԳ-իզմից» ազատվելու հրահանգն ու մշակույթի նախարարության գլխավոր պաշտոնյայի` ՊՈԱԿ-ների կրճատման մասով արտաբերած «ինչ-որ քանակից ինչ-որ քանակի հարց դրված չէ» հայտարարությունը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Օպտիմալացում ասելով` խոսքը ոչ թե խնայողության ու կրճատումների մասին է, այլ պատասխանատվությունների համախմբման, դրանց կենտրոնացման և գործունեության մասին»:
Ըստ նրա` փաստորեն, միավորումը թվերի փոփոխություն չի ենթադրում, օրինակ` եթե 5 ՊՈԱԿ-ներից երկուսը միավորվում են, ապա ՊՈԱԿ-ների թիվը ոչ թե 4 է դառնում, այլ 5 էլ մնում է: Այսինքն` ըստ այդ տրամաբանության` եթե բնակարանը 5 սենյականոց է, և տանտերը որոշում է երկու ննջասենյակի միջսենյակային պատը քանդել ու դրանք իրար միացնել, ապա բնակարանը շարունակելու է 5 սենյականոց համարվել` չնայած արդեն ոչ թե 5, այլ 4 սենյակ ունի:
ՊՈԱԿ-ների միավորումը, հարգելինե'րս, ինչքան էլ այլակերպորեն մեկնաբանեք ու խուսափեք իրական պատասխան տալուց` փորձելով արդարացնել ձեր` հանդիմանության արժանացած սևագիրը, նաև կրճատում է նշանակում, և, այո, հենց թվի կրճատում: «Կոմիտասի լարային քառյակ» ու «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ները միավորելով` դուք ոչ միայն թվի, այլ նաև տարածքի, կոմունալ ծախսերի, տնտեսական մասի աշխատակիցների, հաշվապահի, վարորդի, սպասարկող ավտոմեքենայի ու դրա դիզվառելիքի և շատ այլ բաների կրճատում եք իրականացնում: Եվ ինչքան էլ համոզեք, բարձրաձայնեք, թե օպիտմալացումը գործունեության համախմբում է ենթադրում, միևնույն է` մենք գոնե լավ ենք հիշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 13-ի ելույթը, թե «այն պաշտոնյաները, որոնք իմ հանձնարարականները չեն կատարի, թող վեշերը հավաքեն ու գնան»: Հետևաբար` մշակութային օջախների միավորման խնդիրը ոչ թե միայն դրանց բովանդակությանն ու կազմակերպմանն է վերաբերում, այլ դրանց մասով նոր իշխանությունների որդեգրած`օպտիմալացման անվան տակ իրար միացնելու, լուծարելու, փակելու ու ամեն գնով խնայելու քաղաքականությանը: