կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 22:27
Արցախ

Ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախն այլընտրանք չունի. դաշնակցական պատգամավոր

Ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախն այլընտրանք չունի. դաշնակցական պատգամավոր

Այսօր՝ փետրվարի 27-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ի  9-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես ասելով.

 

«Ժամանակակից սոցցանցերում եւ մեդիադաշտում տիրող աննախընթաց զարգացումները հաճախ ստեղծում են հասարակական ընկալումների  խեղաթյուրված խճանկար:

Մեր պետականության և ազգային ազատագրական պայքարի 30-ամյա պատմությունը լի է հերոսական և պատմական արժեք  ունեցող դեպքերով:

Սակայն քիչ չեն  նաև այն մութ էջերը, որոնց մասին բարձրաձայնելը երբեմն լինում  է անհրաժեշտություն:

Այժմ ժամանակը չէ դեռ ամբողջապես անդրադառնալ հանրությանը հայտնի և ոչ հայտնի`1991-1999 թթ Արցախում տեղի ունեցած ներքաղաքական մութ էջերին:

Սակայն արցախցիների հիշողությունից չեն ջնջվել  հատկապես հետպատերազմյան (1994 թվականից հետո) Արցախում սկիզբ առած և  արմատավորված կաստայական, բռնատիրական ու մենատիրական համակարգը, որը ուղեցկվում էր ծեծով, ջարդով, ձերբակալություններով, ահաբեկչություններով:

Բոլորն են հիշում թե ինչ ահ ու սարսափի մեջ էր ապրում արցախցին այդ օրերին, թե ինչպես էին խորտակվում մարդկանց ճակատագրերը, ինչպիսի քմահաճությամբ էր կառավարվում երկիրը, ինչպես էր անձի իշխանությունը գերակայում օրենքի իշխանությունը, իսկ ժողովրդավարական սկզբունքների արմատավորման նվազագույն նշույլներ չէին ուրվագծվում:

Իսկ քաղաքական մրցակցության, իշխանության տարբեր թևերի տարանջատման, տեղական ինքնակառավարման հաստատման, ազատ խոսքի և մամուլի կայացման մասին կարելի էր  միայն երազել:

Ինչևէ`մեր նորանկախ պետության կենսունակությունը պայմանավորված չէր անձերով և անձերի իշխանությամբ: Քաղաքական ու հասարակական զարգացումները դարձան այն խարիսխը, որով պայմանավորված էր նաև Արցախի հանրապետության լինելիությունը, նրա միջազգային ճանաչումն ու  ինտեգրումը համաշխարհային գործընթացներին, ինչպես նաև ազատագրական պայքարում տարած հաղթանակի լիարժեք ամրապնդումն ու  շարունակականության ապահովումը:

Կարծում եմ բոլորին հասկանալի էր թե որ և ինչ ժամանակաշրջանի մասին է խոսքը: Այսօր կարող ենք վստահորեն հայտարարել, որ անցյալի բարքերն ու ժամանակները այլևս տեղ չունեն Արցախում:

Ազգային արժեքների վրա հիմնված և ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախը այլընտրանք չունի: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից:

Այո՛, յուրաքանչյուր ոք ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, բայց, օրենքի պահանջներին համապատասխան»: