Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ գյուղոլորտում առկա խնդիրների, կորոնավիրուսի տարածման պայմաններում կառավարության ծրագրերի արդյունավետության և այլընտրանքային առաջարկների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:
- ՀՅԴ Գերագույն մարմնի Գյուղատնտեսական հանձնախումբը դեռ 2019 թ., կառավարության կառուցվածքային փոփոխությունների փուլում, կարծիք էր հայտնել, որ Գյուղատնտեսության նախարարության միացումն այլ նախարարության՝ հանգեցնելու է խնդիրների։ Այժմ, կարծես, եկել է «քննության» շրջանը։ Տեղի՞ն էին այդ մտավախությունները։
- Դաշնակցությունը, բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, գյուղատնտեսությամբ զբաղվող տնային տնտեսություններն ու ձեռնարկատերեր, փորձագետներ խիստ բացասական վերաբերմունք ունեին գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունները միացնելուն: Փաստարկները բազմաթիվ և բազմապիսի էին` սկսած նրացից, որ աշխարհում չկա քիչ թե շատ նորմալ պետություն, որը չունենար գյուղատնտեսության նախարարություն, մինչև այն որ այս երկու նախարարությունները, նախարարությունների ներքին մշակույթը, գործառույթները որևէ ընդհանրություն չունեն:
Գյուղատնտեսության նախարարությունը ոլորտային նախարարություն է, էկոնոմիկայի նախարարությունը՝ ընդհանուր համադրող: Հայաստանի բնակչության մոտ կեսը բնակվում է գյուղական բնակավայրերում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսությունը գեներացնում է համախառն ներքին արդյունքի շուրջ 20 տոկոսը (գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը հաշվի առած՝ շուրջ 30 տոկոսը): Կառավարությունն ասում էր. 15-20 տոկոսը ՀՆԱ-ի կառուցվածքում աննորմալ մեծ թիվ է, բերում էր զարգացած երկրների օրինակը: Սակայն, ինչպես շատ հարցերում, սխալ ծայրից էին սկսել: Փոխանակ տնտեսության այլ ճյուղերը զարգացնելու, գնացին գյուղատնտեսությունը փոքրացնելու ուղիով:
Վերջիվերջո, տրամաբանական չէ գյուղատնտեսունը համարել գերակա ուղղություն, բայց վերացնել ոլորտային գերատեսչությունը: Այո, գյուղատնտեսության նախարարության արդյունավետությունը ցածր էր, ծրագրերն էական ազդեցություն չէին ունենում ոլորտի զարգացման վրա, բյուջեն փոքր էր, գործառույթները սահմանափակ էին, բայց գլխացավը բուժելու համար չի կարելի գլուխը կտրել: Փոխարեն բարձրացնեին նախարարության արդյունավետությունը, որոշեցին գլխից էլ ազատվել, գլխացավից էլ:
Կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուց հետո անցել է մոտ մեկ տարի: Կառավարությունն օրենքի փոփոխությունը հիմնավորում էր նախարարությունների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հետաքրքիր կլիներ լսել կառավարության հաշվետվությունը, թե որքանո՞վ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացավ:
- Կորոնավիրուսի տարածումը համընկավ գարնանացանի և գյուղատնտեսության եռուն շրջանի հետ։ Արդյունավե՞տ են, արդյոք, կառավարության՝ համաճարակի տարածման, մարդկանց տեղաշարժի սահմանափակման և բազմաթիվ այլ արտակարգ միջոցառումների այս փուլում գյուղոլորտի ուղղությամբ կիրառվող ծրագրերը։ Կարճ ասած՝ արտակարգ դրության պայմաններում կառավարությունն ունի՞ կամ կիրառու՞մ է, արդյոք, գյուղոլորտին առնչվող «արտակարգ» ծրագրեր։
- Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված հինգ ծրագիր է հաստատել: Ծրագրերից մեկը վերաբերվում է գյուղատնտեսությանը: Նախ, սկսենք նրանից, որ այսօր որևէ մեկը չի կարող գնահատել համավարակի տնտեսական ազդեցությունը: Հետևաբար, չի կարելի խոսել հետևանքների հաղթահարման մասին, կարելի է խոսել լոկ համավարակով պայմանավորված դժվարությունների մեղմման մասին:
Քանի որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, եկամուտով ապահովում է հարյուր հազարավոր մարդկանց և պարենային ապահովության հիմնական երաշխավորն է, զարմանալի չէ, որ օգնության փաթեթներից մեկը պետք է ուղղված լիներ գյուղատնտեսությանը: Սակայն, առաջարկվող միջոցառումները բավարար չեն, իսկ որոշ դեպքերում կարող են նաև ռիսկեր պարունակել:
Կառավարությունը նախատեսում է զրոյացնել բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված էին: Մյուս բաղադրիչը կոոպերացիայի խթանումն է: Կառավարությունը, ցավոք սրտի, գնաց «փող լցնելու»՝ որևէ ստեղծագործ մոտեցումից զուրկ ուղիով: Բայց արդյո՞ք գումարի պակասը այսօր գյուղատնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրն է:
Բազմաթիվ երկրներ, ներառյալ Հայաստանը, արգելել են սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը: Ռուսաստանն, օրինակ, արգելել է հացահատիկի արտահանումը: Այս պայմաններում պետությունը պետք է իր սահմանափակ ռեսուրսներն ուղի պարենային անվատանգության ապահովմանը և որոշ գյուղմթերքների երաշխավորված գնումներին: Այս տրամաբանությունից ելնելով, սահմանափակ ռեսուրսները պետք է առաջնահերթության կարգով ուղղվեն մեր պարենային անվտանգությունն ապահովող գյուղմթերքների արտադրությանը:
Պետությունը պետք է երաշխավորած ծավալով և գնով գնի այդ գյուղմթերքը: Խոսքը, առաջին հերթին, վերաբերվում է հացահատիկին և հատիկաընդեղենային մշակաբույսերին, կարտոֆիլին: Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանյութը և սերմերը գյուղացիական տնտեսություններին պետք է տրամադրել անհատույց` այն գյուղմթերքների արտադրության համար, որոնց մասով առկա է երաշխավորված պետական գնում:
Շուկա փող մտցնելով և բոլոր տեսակի բնամթերքների արտադրության խրախուսումը կարող է նույնիսկ վտանգավոր հետևանքներ ունենալ: Որոշ բնամթերքներ մենք ավելի շատ ենք արտադրում, քան կարող ենք երկրում սպառել: Այսօր, երբ մարդկանց ու բեռների շարժը սահմանափակված է (հայտնի չէ, թե ինչ կլինի վաղը), իսկ ռուբլու փոխարժեքը 6 դրամի միջակայքում է, մեր արտահանումներին էական վտանգ է սպառնում: Ավել արտադրելով մարդիկ կարող է չկարողանան իրենց մթերքը վաճառել ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում: Ի՞նչ են անելու, երբ բերքը չվաճառվի, իսկ վարկը ստիպված լինեն սպասարկել (թեկուզև անտոկոս վարկը):
Ինչ վերաբերվում է այսպես ասած «կապիտալ» ծրագրերին (ոռոգման արդիական համակարգեր, «խելացի» անասնագոմեր, լիզինգ և այլն), ապա նախ պետք է գնահատել, թե ինչու են այդ ծրագրերը թերակատարվում, արդյո՞ք բարձր տոկոսադրույքներն են պատճառը, թե այլ խորքային պատճառներ կան: Եթե խնդիրը «փողի գնի» մեջ չէ, ապա տոկոսադրույք զրոյացնելը որևէ արդյունքի չի հանգեցնի: Ավելին, ես կառաջարկեի այս տոտալ անորոշության պայմաններում ձեռնպահ մնալ այն կապիտալ ծախսերի ավելացումից, որոնք անմիջապես չեն նպաստում համավարակի ազդեցության մեղմմանը կամ համավարակին հակազդեցությանը:
Մյուս հարցը վերաբերվում է կոոպերատիվներին: Կոոպերացիայի խնդիրը Հայաստանում շատ դժվար է լուծվում չնայած պետական և միջազգային ջանքերին, տրամադրվող գումարներին ու խորհրդատվական աջակցությանը: Չի կարելի համավարակի հետևանքների դեմ պայքարի անվան տակ փորձել «լուծել» կոոպերացիայի խնդիրը: Ընձեռնվող հնարավորությունից օգտվելու համար կստեղծվեն կոոպերատիվներ, բայց կոոպերացիան չի զարգանա: Գումարը կծախսվի, բայց հարցը չի լուծվի: Կոոպերացիան Հայաստանում այլընտրանք չունի, բայց դա կարճաժամկետ խնդիր չէ. այն պետք է դիտարկել համավարակի հետևանքների մեղմումից անջատ՝ որպես առանձին ռազմավարական հարց:
- Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։ Կբացե՞ք փոքր-ինչ փակագծերը, ի՞նչ միջոցառումներ եք առաջարկել գյուղոլորտի վերաբերյալ։
- Ընդհանուր առմամբ վերը նկարագրված մոտեցումները հենց այն էր, ինչ առաջարկել էր Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը մարտի 23-ին: