կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 19:17
Հասարակություն

Կողմնորոշվե՛ք թեկնածուների անցած ուղիով. Մեծամորի ղեկավարի դաշնակցական թեկնածու

Կողմնորոշվե՛ք թեկնածուների անցած ուղիով. Մեծամորի ղեկավարի դաշնակցական թեկնածու

ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» Մարզային կոմիտեի նախագահ  Արամայիս Մխիթարյանը տեղեկացնում է, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Մեծամոր  խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

Սիրելի հայրենակիցներ, արմավիրցիներ

Տարածքային ինքնակառավարման մարմինների առաջիկա արտահերթ ընտրություններում առաջադրվել եմ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։

Ծանր բեռ է իմ ուսերին դրվելու։ Դա նորություն չէ ինձ համար, ինչպես նորություն չէ ցանկացած դժվարություն։ Միշտ էլ եղել եմ այնտեղ, որտեղ մեր ժողովրդին, երկրին, Հայրենիքի ամեն մի կտորին օգտակար լինելու կարիք է եղել։ Չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր շռայլել, բայց հիմա, առավել քան երբևէ, կարծում եմ, որ գործ անելու, շատ ավելի աշխատելու, օրնիբուն չարչարվելու կարիք կա։

1990-ականներին դա Հայրենիքի պաշտպանությունն էր. շատ արմավիրցի իմ ընկերների, դաշնակցական զինակիցների հետ Շահումյանում, «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում էի։ Մեծ Ազատագրումից հետո վերադարձա իմ օջախը, իմ շենը, համայնքը, երկար տարիներ գլխավորել եմ Այգեշատ հայրենի համայնքը։ 44-օրյային կրկին զենքը ձեռքս վերցրեցի ընկերներիս հետ։ Բայց հիմա արդեն նոր մարտահրավերներ են։ Մեր նոր ձեւավորված խոշորացված համայնքը միավորում է հայ գիտական, բարձր մասնագիտական միտքն ու հայ շինականի բազկի, համառության, հողին կառչած մնալու մղումը։

Ցավոք, այդ ամենը շատ էլ չի գնահատվել, շատ էլ չի արժանանում հոգածության։ Ատոմակայանում աշխատողն իր դժվարությունների մեջ է միայնակ մնում, իսկ գյուղացին իր արտի, այգու համար է կռիվ տալիս՝ հաճախ միայնակ, դժվարություններով, առանց աջակցության, անջուր, առանց պարարտանյութ, հետո արդեն՝ բերքը դիզած, բայց կանգնած սպառման խնդրի առջև, ինչպես այս տարի։

Մեզանից պահանջվում է միասնական ուժերով համառորեն պայքարել՝ համայնքի ղեկավարից, ավագանու անդամից մինչեւ մեր մեծամորցին, ամեն մի արմավիրցին։

Ձերն է որոշումը՝ ում ընտրել։ Բայց մի բան քվեարկությունից առաջ քաջ գիտակցե՛ք՝ ընտրություն կատարելիս միշտ կողմնորոշվեք թեկնածուների անցած ուղիով, կենսագրությամբ, ամեն րոպե ճամբարափոխ չլինելու՝ տարիների սկզբունքներով։ Շատերը կգան, կգնան, կուսակցությունից կուսակցություն կփոխվեն, կգնան մայրաքաղաքներ։ Մենք էլ կմնանք այստեղ՝ իբրեւ դաշնակցական, հին ընկեր, որը չի դավաճանում։

Արամայիս Մխիթարյան


Տես նաև՝  ՀՅԴ-ին հարիր չէ մյուսներին սևացնելու գնով քվեներ շահելը: