կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 16:54
Քաղաքական

Հայկական մամուլ ադրբեջանական լուր է ներթափանցում, որովհետև պատվիրատուի շահերն այդ պահին համընկնում են Ադրբեջանի թեզերի հետ. մեդիափորձագետ

Հայկական մամուլ ադրբեջանական լուր է ներթափանցում, որովհետև պատվիրատուի շահերն այդ պահին համընկնում են Ադրբեջանի թեզերի հետ. մեդիափորձագետ

Հայկական մամուլը շատ ողբերգական վիճակում է, քանի որ ներգրավված է ներքաղաքական ճղճիմ պատերազմի մեջ. լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով ադրբեջանական լուրերի արտատպումից:

«Եթե առաջ ադրբեջանական լուրի ներթափանցումը լինում էր անգրագիտությունից, հիմա, ցավոք, լինում է միտումնավոր, որովհետև այդ պահին պատվիրատուի շահերը համընկնում են ադրբեջանական թեզերի հետ: Այսօրվա ներքաղաքական իրավիճակը լուրջ խնդիր է նաև այս դաշտում»,- ընդգծեց փորձագետը:

Դիտարկմանը՝ ՀՀ-ում փորձում են խաղաղասիրական քարոզչություն իրականացնել, Այգեպարից «բարի ռեպորտաժներ» են անում, մինչդեռ` ադրբեջանական կողմը հակառակ քարոզչությունն է տանում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ հասարակությանը կատաղած պահելը լավ բան չէ` ամեն դեպքում: Չեմ ասում` պատրաստվել ինչ-որ զիջումների, բայց ամեն օր ատելության գործին լծվելն անառողջ իրավիճակ է ստեղծում նաև այն պատճառով, որ գրգռված հասարակությունն ամեն թեմայի սկսում է այդպես գրգռված անդրադառնալ, և կապ չունի` դա վերաբերում է կարագի կամ բանանի գնին, թե` Արցախյան խնդրին: Շատ լավ կլինի, որ մենք Արցախյան հակամարտության շուրջ եղած նորությունները մի քիչ սառնասրտորեն ընդունենք: Օրինակ՝ հողերը հանձնելու թեմայի մեջ վտանգ կա, քանի որ եթե ամեն օր խոսես, որ հողերը հանձնում են, ապա ինչ-որ պահից մարդիկ հոգնելու են, և եթե հանկարծակի իրականում այդ վտանգը սպառնա, մարդիկ կարող է հոգնել և ոտքի չկանգնել: Մենք պետք է իրական վտանգները քննարկենք: Այստեղ գալիս ենք մի ուրիշ գլոբալ հարցի, այն է՝ պետք է մեր ներսում, հասարակության շրջանում քննարկենք հարցը, այլ ոչ թե մեզ դրսից համանախագահները ասեն՝ պետք է պատրաստվեք խաղաղության, փոխզիջման, մենք էլ այստեղ սկսենք նյարդայնանալ: Մենք պիտի մի կարևոր բան անենք, որը տարիներ շարունակ չենք անում, այն է՝ փորձագիտական և հանրային մակարդակով պետք է քննարկենք և հասկանանք՝ ինչպես ենք ուզում, որ այս խնդիրը լուծված լինի: Մեզ մոտ չկա հստակ պատկերացում, թե մենք ինչ ենք ուզում, ընդհանուրի մեջ, այո, կա՝ ուզում ենք, որ Ղարաբաղը լինի մերը: Բայց ես չեմ տեսել հստակ վերլուծական մոտեցում, թե ինչ ենք մենք ուզում որպես վերջնական պատկեր՝ ունենալ ՀՀ-ին միացված Արցա՞խ, թե՞ որպես առանձին հանրապետություն: Եթե դրսում հարցում անցկացնենք, շատ տարբեր կարծիքներ կլսենք, որոնք հիմնված չեն հստակ ռազմավարական մոտեցման վրա: Ժամանակն է, որ մենք հստակեցնենք՝ ո՞րն է մեր վերջնական ուզածը, ի՞նչ փուլերով ենք ուզում դրան հասնել, որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ կարող ենք գնալ փոխզիջման« և որո՞նք են այն հարցերը, որոնց դեպքում երբեք չենք գնա փոխզիջման և պատրաստ ենք դրանք լուծել մինչև վերջին փամփուշտը: Մեզ մոտ այդ պատկերացումները չկան, դրանք չպետք է լինեն զգացմունքային, այլ` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա, թե որքան կարող ենք վարել պատերազմ՝ կապված աշխարհագրական դիրքից և այլն»,- մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս դեպքում ամեն մի ամերիկացի կամ ռուսաստանցի փորձագետի հայտարարությունը չի հանգեցնի լարվածության: 

Այս համատեքստում տեղեկատվական անվտանգության փորձագետը շեշտեց՝ եթե անգամ Ադրբեջանի վարած հակահայկական քարոզչությունը զրոյացվի, հասարակության մեջ այնքան թույն է ներարկված, որ դեռ երկար ժամանակ պիտի անցնի, որպեսզի դետոքսիկացիա տեղի ունենա: «Այնպես որ՝ դեռ ոչինչ չի նշանակում, որ մամուլը նույնիսկ  քիչ է գրում՝ հայերը վատն են»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց՝ Ադրբեջանը լուրջ գումարներ է ծախսում հակահայկական քարոզչության վրա, և որ մեր պատասխանը պիտի լինի ասիմետրիկ:

«Ռուսական մամուլում մենք միշտ ունեցել ենք հետևյալը՝ Ադրբեջանը փորձել է փողով դնել իրենց հոդվածը, մենք հետո կարողացել ենք առանց փող պատասխան հոդված ստանալ: Այսօր ռուսաստանյան մամուլը ՀՀ-ին պարբերաբար «թեթև կծում է». վերջերս ռուսական հիմնական լրատվամիջոցներով մեծ ամուկ գնաց, թե ՀՀ-ում ՌԴ-ի դեմ հեղափոխություն են նախապատրաստում, որը տարօրինակ աղմուկ էր, քանի որ այդ իրադարձությունը եղել էր փակ, ոչ հեղափոխության մասին և նոյեմբերին: Այսինքն՝ 3 ամիս հետո այդ «մեռելը» հողից հանել էին և պտտում էին բոլոր ալիքներով, ինչը հենց այնպես չի արվել: Մեդիադաշտում դեռ լարվածություն է նկատվում, որը գուցե հետո նվազի, բայց այսօր ակնհայտ է, որ ՌԴ-ի խմբագիրները, լրագրողները, որոնք հստակ սև-սպիտակ հակամարտության մեջ են Արևմուտքի հետ, դժվարությամբ են ընկալում Հայաստանի այսօրվա  քաղաքականությունը»,- շեշտեց տեղեկատվական անվտանգության մասնագետը:

Yerkir.am-ի հարցին՝ տպավորություն է, որ տեղեկատվական պատերազմի դաշտում հայկական դիրքերի ուժեղացումը, այդտեղ առկա մարտահրավերները ՀՀ-ի գործող կառավարության առաջնահերթություններից չեն, ավելին` կեղծ օրակարգեր շպրտելով, հասարակության ուշադրությունը շեղում են այսօրինակ կարևորագույն հարցերից և մարտահրավերներից, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ երկու թեզն իրար չէի կապի, բայց, ցավոք, այսօր կեղծ օրակարգը դառել է ֆուտբոլի գնդակ քաղաքական դաշտում: Եվ մենք ընկած ենք ինչ-որ անհեթեթ խնդիրներ լուծելով՝ լուրջ խնդիրները թողած: Ամենամեծ ողբերգությունն այն է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին այս վիճակը դուր է գալիս: Ինչ վերաբերում է տեղեկատվական հակամարտության մեջ ներգրավվածությանը և հակադրությանը, ապա իսկապես ինչ-որ պահի համակարգը չէր աշխատում, քանի որ դերակատարներն էին փոխվել, ճամբարների բաժանում է կատարվել, ու մարդիկ, որոնք անցած տարի պետության հետ էին աշխատում, հիմա հակառակ ճամբարում են, ինչը խնդրահարույց է: Համակարգը վերականգնման փուլում է հիմա, որը միանգամից չի երևա, քանի որ լուրջ շարժեր են եղել, և բարդ է վերակենդանացնելը»,-ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ տեղեկատվական հակամարտությունը բարդ հաշվարկելի բան է. կարող ես մեծ ռեսուրսներ ծախսել, քո մասին գրեն բազմաթիվ տեղերում, բայց թեման այդպես էլ ինչ-որ երկրում ընկալելի չդառնա: «Մեխիկոյում տեղադրվեց Հեյդար Ալիևի արձանը, բայց բավարար էր այնտեղի հասարակության հետ աշխատել և ասել, որ  Բոլիվարը ամբողջ Լատինական Ամերիկայի ազատագրական շարժման հիմնադիրն է, հիմա այդ հրապարակում տեղադրվել է ԿԳԲ-ի ղեկավարի արձանը, միանգամից արձանը հանեցին: Այնպես որ՝ որոշ դեպքերում կարող ես անմիջապես չարձագանքել, հատկապես` երբ չգիտես, թե ինչ է նախապատրաստվում: Ադրբեջանի այսօրվա քարոզչությունն ունի մի մեծ պրոբլեմ, դրա անունը Իլհամ Ալիև է: Այդ մարդն այնքան է վարկաբեկվել վերջին տարիներին՝ որպես կոռումպացված, բռնապետ: Վերջին բացահայտումը, որ Ալիևի տղան Ռուբլյովկայում իբր տասնյակ միլիոնների արժողությամբ տուն է նվեր ստացել: Այս ամենի ֆոնին հակահայկական քարոզչությունը երկրորդ պլան է մղվում, որովհետև հաճախ կարևոր է նաև, թե ով է խոսում, ոչ միայն, թե ինչ է խոսում: Այնպես որ՝ մենք ունենք մի  շատ լուրջ «դաշնակից» այս ոլորտում»,- ասաց Մարտիրոսյանը: