կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-10 14:48
Տարածաշրջան

Բունդեսթագի կողմից հայկական թեզերի ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիա-ԵՄ գործընթացի վրա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Բունդեսթագի կողմից հայկական թեզերի ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիա-ԵՄ գործընթացի վրա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Star թերթի` ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ կարևորություն են տալիս:

Նշելով, որ հետևում են բանաձևի շուրջ ծավալված գործընթացին, Բիլգիչը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, իրենց համար երրորդ երկրիների խորհրդարաններում` պատմությունը քաղաքականացնելու ջանքերը որևէ իմաստ չունեն: Ըստ նրա՝ այդ ջանքերն ավելի են խորացնում խնդիրը:

«Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահարկվի: Առանց այդ էլ Թուրքիան այդ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ էր արել»,- նշել է Բիլգիչը՝ տեղեկացնելով որ իրենց այս դիրքորոշման մասին հայտնել են գերմանացի գործընկերներին:

Արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ Բունդեսթագը պետք է հետևի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի՝ Դողու Փերինչեքի գործով 2015թ. հոկտեմբերի 15-ին կայացրած վճռին և քայլերի ձեռնարկի այդ ուղղությամբ:

Նրա համոզմամբ՝ եթե որոշումն ընդունվի, Գերմանիայում բնակվող թուրքերը և  Թուրքիան շատ լուրջ կարձագանքեն: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի խորհրդարանը կառաջնորդվի ողջամտությամբ և տրամաբանությամբ»,- եզրափակել է Բիլգիչը: