կարևոր
3946 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-26 13:56
Քաղաքական

Ամսի 13-ից որդուցս լուր չունեմ, ասում են՝ սպասեք լուր լինի կասենք․ զինվորի հայր

«Պարոն Պապիկյան, ուղիղ 13 օր է՝ ոչ մի լուր չունեմ իմ երեխայից և նրա հետ եղած մյուս զինվորներից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում»,-Պաշտպանության նախարարությաՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը:

Նրա խոսքով, 13-օր է Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր, բայց նրանց օգնելու, տարհանելու համար գործողություններ չեն արվում:

«Ոչ մի նախաձեռնություն չի գործադրվել, որպեսզի վիրավորներին ժամանակին  հանեինք: Եթե այն արվեր՝ հիմա երեխաները փրկված կլինեին»,-ասաց զինծառայողի հայրը:

Սերժիկ Ղազարյանը ճշտեց, որ խոսքը Վերին Շորժայի հարակից ձորակի մասին է, որտեղ եղել են զոհեր ու վիրավորներ:

«13 օրում գելերը, աղվեսները հոշատակ կլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք, բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Վերին Շորժայի այդ հատվածն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բայց հայկական կողմից գործողություն չի եղել դիրքերը հետ վերցնելու համար, դիրքապահներին էլ նահանջի հրաման չի տրվել, որպեսզի շատ գերիներ, զոհեր չունենային:

Զինծառայողի հայրը հավաստիացրեց, որ այդ հատվածում որոնողական աշխտանքներ չեն տարվում:

«Տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերն այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարվա՞ծ է, զոհվա՞ծ, թե՞ կորած»,-հայտարարեց Սերյոժա Ղազարյանի հայրը և վստահեցրեց որ ՊՆ-ի կողմից միջոցներ չձեռնարկելու դեպքում ծնողները կդիմեն այլ քայլերի:

Բողոքի ակցիա կազմակերպած սեպտեմբերի13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների ծնողների մի մասն այս պահին գտնվում են ՊՆ-ի շենքում: