կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 16:47
Հասարակություն

Սա հաղթող սերունդն էր, որի համար պարտության լիմիտը սպառվել էր տասնամյակներ առաջ, իսկ հաղթանակը պիտի գծեր հայության ապագայի ճանապարհը

Սա հաղթող սերունդն էր, որի համար պարտության լիմիտը սպառվել էր տասնամյակներ առաջ, իսկ հաղթանակը պիտի գծեր հայության ապագայի ճանապարհը

2019թ. փետրվարի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան  Երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ Պռոշյան ավանից ՀՅԴ ազատամարտիկների ջոկատին, նահատակված մարտիկներին ու հրամանատարներին նվիրված միջոցառում: Միջոցառման  առիթ էին նաև հրամանատարներ Կարոտ Մկրտչյանի և  Պետրոս Ղևոնդյանի տարեդարձերը. այս տարի լեգենդար ազատամարտիկները կդառնային  55 տարեկան, ինչպես նաև Պետոյի, Արտակի, Ազնավուրի, Ազատի, Մնացականի և Սերոբի նահատակության 25-րդ տարելիցը:  Միջոցառմանը ներկա էին  պռոշյանցի ազատամարտիկների ընկերները, նահատակ ընկերների հարազատներն ու ավանի բնակիչները,  զինվորականներ և ՀՅԴ անդամներ: Արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, ցուցադրվեցին փաստագրական տեսանյութեր, բեմականացված  մանրապատումներ, ինչպես նաև ներկայացվեցին հայրենասիրական  երգեր ու պարեր: Միջոցառումը կազմակերպել էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախումբը և Պռոշյանի ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեն:

ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի խոսքով` միջոցառման նպատակը Ղարաբաղյան ազատագրական պայքարի պռոշյանցի ազատամարտիկներին հիշելն էր եւ հարգանքի տուրք մատուցելը: «Մենք հավաքվել ենք` հավաստելու անմոռաց հիշատակը մեր ժամանակի հերոսների՝ Պետոյի, Կարոտի, Հրաչի, Արտակի, Ազնավուրի, Ազատի, Մնացականի, Սերոբի, ինչպես և մյուս այն խոնարհ հերոսների, որոնք ողջ են մնացել, և այս  չակերտավոր «մեղքի» համար  մենք, մեր դաշնակցական խստապահանջ ավանդույթի համաձայն, ավելի հաճախ հարգանքով ու պատկառանքով  լռում ենք նրանց մասին, վաստակած  գնահատականներ չենք  բարձրաձայնում ապրող հերոսների հասցեին»,- ասաց նա:

Բանախոսն ընդգծեց նաև, որ միջոցառման ներկա օրը համընկնում է մեր դարավոր պատմության  հիշատակելի դրվագներից մեկին: «98 տարի առաջ` հենց այս օրը,  Հայրենիքի փրկության կոմիտեի գլխավորությամբ, հայ ժողովուրդը տապալեց նորահաստատ բոլշևիկյան արյունարբու բռնապետությունը և 42-օրյա ազատություն վերահաստատեց մեր երկրում»,- մանրամասնեց նա` միաժամանակ շեշտելով. «Այսօրվա և 21 թվականի իրադարձությունների օրացուցային համընկնման  խորքում կարևոր խորհուրդ կա. թե' դարասկզբին տեղի ունեցած և թե' 1988 թվականին  սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը ապստամբություններ էին աշխարհի հզորագույն կայսրության դեմ, և  երկու դեպքում էլ դրանք պսակվեցին հաղթանակով: Առաջինը, որ տեղի ունեցավ  խորհրդային պատմուճանով Ռուսական կայսրության վերածնության վաղորդայնին, կարողացավ ընդհատել հայ ազգային, պետական, զինվորական, մտավորական ընտրանու սպանդը, վերջ դնել  ժողովրդի հանդեպ սանձազերծված դասակարգային հեղափոխության մոլագար հալածանքներին ու թալանին, պարտադրել այլ որակի իշխանություն, շահել թանկարժեք ժամանակ, որ գուցե թե վճռորոշ եղավ Զանգեզուրի համար՝  խուսափելու Նախիջևանի, Արցախի և այլ հայապատկան տարածքների ճակատագրից:  Եվ այժմ  նախ ցանկանում եմ շնորհավորել  բոլորիս հայի արժանապատվությունն ու անընկճելի ոգին փաստող Փետրվարյան ապստամբության տարեդարձի առթիվ: Երկրորդ անգամ հայությունը, խորհրդային տերության ներսում տարածք ազատագրելու մարտահրավերով, հեղեղեց հրապարակները, երբ դեռ դժվար էր գուշակել, որ գտնվում ենք մեզ այնքան կորուստ ու վիշտ պատճառած Չարիքի կայսրության  անկման շեմին: Պատմական արժեք ունեցող  երևույթները, դրանց արդյունքներն ու հետևանքները ընդունված է մեկնել պատմական օրինաչափությունների երկաթյա տրամաբանությամբ»:

Ըստ Արտաշես Շահբազյանի` ճակատագրապաշտության ծայրահեղությանը չհասնելու համար պետք է փաստել, որ մարդկային  գործոնը հաճախ ամենավճռորոշ դերակատարություն է ունեցել պատմության թատերաբեմում և խորտակել է օրինաչափությունների վերաբերյալ կարծրատիպերը: «Վկան մեր երկու ապստամբություններն ու աննախադեպ հաղթանակներն են, վկան մեր գոյությունն է առհասարակ՝ որպես ազգ և պետություն:  Եթե պատահեր, որ ղարաբաղյան ընդվզումն անհաջողության մատնվեր, նրանք, ովքեր առաջին օրվանից խելահեղություն են համարել այն, նույնիսկ նրանք, ովքեր գլխավորել են շարժումը, բայց չեն հավատացել և հիմա էլ չեն հավատում վերջնական նպատակների իրականացմանը, այսօր քարկոծելու էին հակառակ մտածողներին՝ գուցե թե վկայաբերելով նույն պատմական օրինաչափությունների  տրամաբանությունը: Բայց, ինչպես անկախ հայրենիք և փետրվարյան ապստամբություն կերտող սերունդները, դարավերջին նույնպես, ասպարեզ իջավ հայկազունների մի անընկճելի սերունդ, որն ընդունակ էր երևակայականը վերածելու իրականության»,- հավելեց նա:

Շահբազյանի համոզմամբ`  նախորդ տարվա  ներքաղաքական թոհուբոհի մեջ արժանի պատշաճությամբ անդրադարձ չի եղել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: «Այժմ ցանկանում եմ շնորհավորել  31-ամյակի  առիթով՝ հիշեցնելով, որ ճիշտ այս օրը սկսված ազգային հեղափոխությունը ոչ միայն Արցախի ազատագրության, այլև Հայաստանի անկախության և հայոց պետականության վերականգնման ճանապարհը հարթեց: Ղարաբաղյան ազատագրական պայքարն ընդգրկեց աշխարհասփյուռ հայության ողջ քարտեզը, այդ թվում` Հայաստանի  յուրաքանչյուր շրջան: Ազատագրական պայքարում ունեցած իր ավանդով  հատուկ տեղ գրավեց Նաիրիի շրջանի Պռոշյան ավանը: Դեռևս շարժման հանրահավաքային օրերին այստեղ ձևավորվեց գաղափարական երիտասարդների մի կորիզ, որն օր առաջ ուզում էր լինել գործի մեջ և առաջինների թվում երազում էր զենք վերցնել Արցախն ազատագրելու համար: Նրանցից շատերի համար արցախյան պայքարը առիթ էր  պապերից խլվածի դիմաց հաշիվ պահանջելու և ինչ-որ չափով վերականգնելու պատմական արդարությունը: Գաղափարական հիմքը, որ, որպես հիշողություն, ապրում էր նրանց արյան մեջ, բնազդորեն բերեց դեպի այն հավաքականությունը, որը դավանում էր հայկական պահանջատիրության գաղափարախոսությունը  և, ընձեռված պատմական առիթից օգտվելով, պատրաստվում էր ողջ կարողականությամբ նվիրվել այդ պայքարին:

Պետոն, Կարոտը, Հրաչը, մյուս ընկերները շարժման մեջ մտան`  շեղվելով իրենց կյանքի բնականոն հունից: Եվ ճանաչելով Արցախը, խորապես ընկալելով  Արցախի պայքարի համահայկական արժեքն ու նշանակությունը`  այդ պայքարին նվիրվեցին անմնացորդ կերպով, Արցախի ճակատագրի հետ կապեցին իրենց ճակատագրերը, և եթե, օրինակ, պիտի ընդհատվեր Շահումյանի հայկական գոյությունը, ապա պիտի ընդհատվեր նաև Կարոտի պայքարը, եթե  կարևոր հաղթանակների համար  զոհեր պիտի պահանջվեին, ապա դրանց թվում պիտի լինեին Արտակը, Ազնավուրը, Ազատը, Մնացականն ու Սերոբը: Եթե պետք էր խուսափել պատահական զոհերից, ապա ճակատագրական պատահարի զոհ էր պատրաստ դառնալ Պետոն:

Տղաներն  առանց երկմտելու ազատագրական պայքարի հորձանուտի մեջ նետվեցին Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, դարձան ուսանողական-երիտասարդական միջավայրերի ոգին, հետո որդեգրեցին ազգային գաղափարախոսությունը, իսկ կամավորական շարժման առաջին օրերից դարձան զինյալ  պայքարի մարտիկներ:  Հաջողեցին մագնիսի պես դեպի իրենց ձգել Պռոշյանի հայրենասեր և համարձակ սերնդակիցներին՝ ձևավորելով մի բռունցք, որը ոչ միայն օրինակելի, այլև պահանջված էր լինելու Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում: Որքան որ նրանք հավակնոտ էին ազատամարտի քուրայում դրսևորվելու հարցում, նույնքան համեստ ու անհավակնոտ մնացին անձնական կյանքում: Սա այն տեսակն էր, ում համար ազգային պայքարը չէր խաչվում անձնական ակնկալիքների հետ, և առավել ևս բիզնես նախագիծ չէր: Նրանք  օրինակ էին անսակարկ նվիրումի, բարոյականության և ինքնազոհաբերման: Այդ իսկ պատճառով նրանց հավատում ու վստահում էին: Զենքի ընկերների համար նրանք չափանիշ էին, որոնց հրահանգները չկատարելը կամ թերի կատարելը նախ և առաջ ամոթալի էր: Ընկերներն ու զինակիցները համոզված էին, որ իրենց հրամանատարների հետևից ամենածանր ճակատ էլ կարելի է գնալ` չվախենալով մահվանից:

Սկսելով Հայաստանի սահմաններից պռոշյանցի ազատամարտիկներն անցան պատերազմի ամենակրակված արահետներով` մահվանն ընդառաջ գնացին  Մարտունաշենում, Շահումյանում, Մալիբեյլիում, Մարտակերտի գյուղերում և այլուր: Ազատամարտիկները  պռոշյանցի հրամանատարների հետևից համարձակորեն գնում էին ոչ միայն այն պատճառով, որ նրանք կրակն իրենց վրա վերցնողներ էին, այլև այն պատճառով, որ Կարոտն ու Պետոն, խորանալով ռազմարվեստի գաղտնիքների մեջ, կարճ ժամանակում դարձան հմուտ զինվորականներ: Նրանք կարողանում էին հրաշալի հասկանալ տեղանքը, ճիշտ տեղաբաշխել զինվորներին և կռվի ճիշտ մարտավարություն ընտրել, զգալ, թե որևէ իրադրության մեջ ինչ քայլեր կարող է ձեռնարկել հակառակորդը, փոքրաթիվ ուժերով արդյունավետ պաշտպանություն և վճռական, անկասելի, միաժամանակ անվտանգ հակահարձակում ձեռնարկել: Նրանց բազում հաջողությունների հիմնական գրավականը մտքի հանդգնությունն ու դրանից բխող գործողությունների համարձակությունն էր:

Նրանց կողքին, որպես զինակիցներ, քաջաբար դրսևորվեցին  և որպես մարտիկներ ու  զինվորականներ աճեցին  Մարշալ  Մկրտիչը, Սրբազան Անդրանիկը, Բուլկի Արմենը, Բոյով Արմենը, Կյաժ Հրաչը, Չխկո Երվանդը, Գագաս Գագիկը, Փոքր Արմենը, Վարդգեսը, Արթուրը, Խաչիկը, Դանիելը, Մուշեղը, Տարոնը, Տիրանը, Վարդանը և ուրիշներ:

Տասնյակ ու հարյուրավոր ուրիշներ ևս պիտի սովորեին նրանցից կամ, լսելով նրանց գործունեության մասին, տոգորվեին փոխանցվող այն հավատով, որ Արցախյան ազատամարտը կարող է ունենալ միայն մեկ ելք: Հրաչի, Կարոտի, Պետոյի և մյուս պռոշյանցիների համար անընդունելի էր վայրկյան իսկ մտածելը, թե ազատամարտը կարող է ձախող ելք ունենալ: Սա հաղթող սերունդն էր, որի համար պարտության լիմիտը սպառվել էր  տասնամյակներ առաջ, իսկ հաղթանակը պիտի գծեր հայության ապագայի ճանապարհը»,-համոզմունք հայտնեց բանախոսը:

Նա հիշեցրեց, որ Պետոն ու Կարոտն այսօր 55 տարեկան են: «Գուցե թե ճակատագիրը ցանկացավ  հեռացնել նրանց մեզանից, բայց մենք դա թույլ չտվեցինք, նրանք շարունակվում են մեզ հետ, նրանք մեր կենսագրության մասն են, իսկ կենսագրությունը գրվում է միայն մեկ անգամ: Այս տարիներին նրանց հարազատների, ընկերների, ճանաչողների հետ, նրանց հիշողություններում ու պատմություններում շարունակեցին ապրել Արտակը, Ազնավուրը, Սերոբը, Ազատը, Մնացականը, Հրաչը: Բառի իրական իմաստով նրանք հեղափոխականներ էին, որոնք նպատակ դարձրին արմատապես փոխել իրականությունը և ուրիշ գաղափարակիրների հետ արեցին այդ բանը: Հեղափոխությունը պարապ ժամանակի խաղալիք չէ, որ երբ ցանկանաս, ձեռնածություն անես հետը, հեղափոխությունը հավատամք է և ճակատագիր: Հեղափոխականությունը ապրելակերպ է ողջ կյանքի համար: Մի՞թե դրա լավագույն  օրինակը Հրաչը չէր: Մարդ, որը չդավաճանեց ինքն իրեն, իր ընկերներին, իր գաղափարին նաև խաղաղ ժամանակներում  և, բացճակատ պայքարելով   արդար կյանքի համար, դարձավ  ճահճի ու կեղտի մեջ  կենսունակների դավադիր  հարվածի թիրախը:  Բայց հեղափոխականները մահվանից հետո էլ չեն հեռանում, շարունակում են ոգի ներարկել, հավատ ներշնչել, ճանապարհ ցույց տալ, հաստատել ու վերահաստատել միակ ու անբեկանելի ճշմարտությունը: Նրանցով դեռ դաստիարակվելու են սերունդներ, որոնք անհավատության նոր սարեր են խորտակելու և ընդլայնելու են հայրենիքի վերաբերյալ մեր պատկերացումների սահմանները:

Փառք ու պատիվ նրանց, ովքեր աներևույթ հետևում են մեզ, նրանց, ովքեր մեր կողքին են, և նրանց, ովքեր դեռ վաղն են գալու»,- խոսքն ամփոփեց Շահբազյանը:

ՀՅԴ ազատամարտիկների ջոկատին, նահատակված մարտիկներին ու հրամանատարներին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը: Նա նշեց, որ Շահումյանի շրջանի կորստից հետո մեծ վիշտ, ափսոսանք և հիասթափություն կար Շահումյանից դուրս եկած ջոկատների շարքերում: «Կար նաև կասկածամտություն, որ Շահումյանում մեր անհաջողությունները կարող են քաղաքական խարդավանքների արդյունք լինել: Սակայն դա չխանգարեց Պետոյին, որ կարողանար Կարոտից հետո համախմբել Պռոշյանի ու նաև այլ շրջաններից մնացած բոլոր տղաներին և ջոկատներին, բարձրացնել նրանց մարտական ոգին և հավաստիացնել, որ եթե մենք համախմբված կանգնեն ք ու կռվենք, բոլոր տեսակի խարդավանքները կոչնչանան: Պետոն կարողացավ իր գաղափարակից ընկերների՝ Հրաչի, Տիրանի, Տարոնի, Անդոյի, Մկրտիչի, Վարդգեսի, Արմենների, Մուշեղի, Վարդանի, Դանիելի, Գոքորի և մյուս  քաջերի հետ միասին ավելի թեժացնել Արցախյան ազատամարտը: Այդ պայքարում նվիրյալների մի ամբողջ փաղանգ՝ հենց ինքը Պետոն, Կարոտը, Արտակը Ազնավուրը, Ազատը, Մնացը, Սերոբը չխնայեցին անգամ սեփական կյանքը: Փառք նրանց և նաև նրանց ովքեր այդ պայքարից և հաղթանակներից ոգևորված, նրանց ոգով ու քաջությամբ դաստիարակված մինչև օրս անառիկ պահում են հայոց սահմաններն ու հայոց անդորրը»,-նշեց նա:
Մխիթարյանն ընդգծեց նաև, որ Պռոշյանի հերոս տղաները բոլորն էլ իր մարտական ընկերներն են եղել՝ անկախ նրանից, որ ոչ բոլորին է ճանաչել: «Պատիվ եմ ունեցել ճանաչել այն տղաներին, ովքեր հավաքվել էին Կարոտի, Պետոյի և Հրաչի կոչով և կազմավորել Պռոշյանի դաշնակցական կամավորական ջոկատը: Շահումյանի անկումից հետո դաշնակցական կամավորական բոլոր ջոկատները միավորվեցին և մենք միասին անցանք ողջ պատերազմի և բանակաշինության փուլերը՝ կամավորական ջոկատներից մինչև ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակ»,- շեշտեց բանախոսը:

Անդրադառնալով, պատերազմին զուգահեռ, Պռոշյանի ջոկատի մասնակցությանը  պաշտպանության բանակի կազմավորման  գործին`  ՀՅԴ ազատամարտիկների հանձնաժողովի նախագահ Արտաշես Մխիթարյանն ասաց, որ  նրանք դարձել էին ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հենասյուները: «ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի մարտական ուղու մասին հիացմունքով են խոսել ոչ միայն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունն ու ժողովուրդը, այլեւ  մեր թշնամու կողմից մեր դեմ պատերազմող չեչեն վարձկանների հրամանատար Շամիլ Բասաևը: Այդ վարձկանը չգիտեր, որ գնդի և դիվիզիայի հարվածի ուժգնությամբ հարվածողը ընդամենը մեկ գումարտակ էր՝ ՀՅԴ Շուշիի առանձնակի հրաձգային գումարտակը: ՀՅԴ Շուշիի առանձնակի հրաձգային գումարտակը, որտեղ թևածում էր Կարոտի ոգին` առնական դաշնակցական ֆեդայու կերպարով, այդ գումարտակի փոխհրամանատար Պետոն՝ ծանրակշիռ, մանկավարժին վայել խորիմաստությամբ, սովորելու և սովորեցնելու անսպառ էներգիայով օժտված, և Հրայր Դժոխքի խստությամբ ու պահանջկոտությամբ: Գումարտակի առանցքում Հրաչն էր կանգնած՝ հաստատակամ, ընկերասեր, բոլորին հասնող, հանդուրժող և հուսադրող բնավորությամբ»,-ընդգծեց բանախոսը:

Միևնույն ժամանակ, Մխիթարյանն իր երախտիքը հայտնեց պռոշյանցիներին` կարևորելով համայնքի մեծագույն ավանդը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: «Հայ ազգի համար պատերազմները չեն ավարտվում, դուք դեռ նոր հերոսներ եք ունենալու, և տա Աստված, որ հերոսների մեծարման միջոցառումներն այսուհետ կատարվեն նրանց ֆիզիկական ներկայությամբ, առանց կորուստների»,- դիմելով պռոշյանցիներին` եզրափակեց նա: