կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 12:45
Մշակույթ

Մինասի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է. Արման Ավետիսյան

Մինասի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է. Արման Ավետիսյան

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է, բայց այն փրկելու հնարավորություն դեռ կա. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  անվանի նկարչի որդին` Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:

Նա փաստեց, որ անցյալ տարի դիմել են թե’ մշակույթի նախարարություն, թե’ վարչապետին, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել:

«Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանի խոսքով էլ` ինքը գրավոր դիմում է գրել պատկան մարմիններին դեռ 2018-ին: «Դիմել եմ այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցին, բայց արձագանք մինչ օրս չկա»,- հայտնեց նա:

«Գիշեր» որմնանկարը ստեղծվել է 1978 թվականին: Որմնապատկերը երկու է մասից կազմված`«Ցերեկ» և «Գիշեր» անվանումներով: Առաջինն այլևս հնարավոր չէ վերականգնել:

Արման Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի միջոցով արդեն կազմակերպվել է Մինաս Ավետիսյանի 8 որմնանկարի վերականգնում, որոնցից միայն մեկը չի տեղաշարժվել՝ «Հայաստան» որմնանկարը Վահրամաբերդ համայնքում։ Վերականգնվել են նաև Ռաֆիկ Աթոյանի և Հակոբ Հակոբյանի որմնանկարները` ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ:

«Գիշեր»-ը վերականգնելու համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է մոտ 25.000 ԱՄՆ դոլար: «Մասնագետների խնդիր չունենք: Մեր հայ մասնագետները կկարողանան վերականգնել որմնանկարը: Միակ  խնդիրը նյութերն են: Դրանք Հայաստանում չկան: Պետք է Իտալիայից պատվիրենք»,- նշեց Արման Ավետիսյանը:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր լուծել, առհասարակ, որմնանկարները կործանումից փրկելու խնդիրը, նա պատասխանեց. «Լուծման միակ տարբերակը մոնումենտալ արվեստի թանգարանի ստեղծումն է»: