Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը. Yerkir.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը ստեղծվել է 1964–1966 թթ., նկարիչներ Հովհաննես Մինասյանի և Հենրիկ Մամյանի կողմից: Խոնավության հետևանքով այն զգալի վնասներ է կրել: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կան հատվածներ, որտեղ ներկաշերտը փոշիացել է և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել է որմնանկարների գույները:
Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:
Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: